Ինչպես միշտ' երեկ ևս, Թուրքիան և Ադրբեջանը ցույց տվեցին, որ գործում են միասին և «նույն մորից սերված» երևույթներ են:
Այս անգամ թիրախը Ռուսաստանն էր: Եթե փոքրասիական թուրքերի մեղադրանքները, անմիջականորեն ուղղված էին Ռուսաստանին, ապա կովկասյան թուրքերը իրենց մեղադրանքներում մեծ տեղ էին հատկացրել նաև Հայաստանին: Դե իսկ դա արդեն նորույթ չէ, քանզի եթե Ադրբեջանը որևէ առիթ է ստանում խոսելու, ապա Հայաստանի նկատմամբ իր ատելությունը ամեն կերպ է արտահայտում, անկախ նրանից' ստեղծված առիթը վերաբերում է էներգետիկ և անվտանգային հարցերին, թե կլիմայական փոփոխություններին ու շոգող պինգվինների խնդիրներին:

 


Երեկ' մի քանի ժամի տարբերությամբ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները հանդես են եկել տրամաբանության ոչ մի կանոնին չհամապատասխանող և աբսուրդի աստիճանի հասնող հայտարարություններով: Իր կառավարման վերջին շրջանը տապալած Էրդողանը'հերթական ապուշ միտքն է արտահայտել. «Ցավալի է, որ Ռուսաստանը 2 օդաչուի համար կորցրեց այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է»: Այստեղ ուղղակի մի պահ դադար պետք է առնել ու մտածել, թե ինչպե՞ս է հնարավոր է, որ այս տեսակ քաղաքական գործիչը կարող է լինել պետության ղեկավար: Սա սահմաններ չճանաչող ցինիզմ է ուղղակի:
Այդ նույն ժամանակ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ հնչեցին այժմ էլ Ապշերոնյան թերակղզուց: Ադրբեջանի Արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց Ռուսաստանի Արտգործնախարարությանը առ այն, թե ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Հայաստանին:

 


Այստեղ կարելի է վստահորեն պնդել, որ եթե Թուրքիայի պարագայում ուղեղ կա, որը ժամանակ առ ժամանակ չի գործում, ապա Ադրբեջանի պարագայում այդ ուղեղը ընդհանրապես բացակայում է:
Տարիներ շարունակ նավթատաշտերում լողացող և նավթային էյֆորիայի մեջ գտնվող Ադրբեջանը' Հայաստանից մի քանի անգամ ավել զենք է գնում Ռուսաստանից, իսկ այսօր եկել ու բողքում է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին, որը չի կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մի՞թե Ադրբեջանի կարճամիտ ղեկավարին և պատերազմում «թրծված» նրա «զորավարներին» նավթի գների սրընթաց անկումը երկնքից ցած է իջեցրել և հասկացրել, որ սպառազինությունների մրցավազքը լավ բանի չի կարող հանգեցնել: Ուղղակի այստեղ աբսուրդայինն այն է, որ Ադրբեջանը բողոքում է մի երկրի դեմ, ով Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ով Հայաստանի հետ միասին գտնվում է նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ, ով Հայաստանի գլխավոր գործընկերն է: Դա նույնն է, որ մենք բողոքենք ԱՄՆ-ին, թե ինչո՞ւ է նա զենք վաճառում ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիային:
Սրանից շատ չանցած' Ալիևը հայտարարում է, որ միջազգային հանրությունը սխալ է վարվում, երբ հավասարակշռված մոտեցում է ցույց տալիս Հայաստանին ու Ադրբեջանին' Ղարաբաղյան հակամարտության հետ կապված:

 

 


Այո՛, սխալ է վարվում, համաձայն եմ: Սխալ է վարվում, քանզի ռազմատենչ Ադրբեջանի հռետորաբանությունը և նրա մեղքով սահմանին ստեղծվող լարվածությունը հաշվի առնելով' միջազգային հանրությունը չպետք է հավասարակշռված մոտեցում ցույց տա, այլ պետք ամեն հնարավոր միջոցով կասեցնի Ադրբեջանի սանձարձակ վարքն ու դրա հետևանքները:
Մի բան հստակ է, Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքական դեմարշները կատարվում են միայն ներքին լսարանի համար, քանի որ նրանք լավ են հասկանում, որ իրենց այս ցածրաժեք քայլերը արտաքին աշխարհում չեն ընկալվի և միայն զարմանքի անօրինակ չափի պատճառ կհանդիսանան: Այս պարագայում մնում է միայն հույս հայտնել, որ մեր արևելյան և արևմտյան հարևան ժողովուրդները ժամանակի ընթացքում քաղաքականապես կհասունան և ապագայում չեն թողնի, որ իրենց վրա իշխեն այսպիսի շնորհազուրկ ղեկավարներ:

 

 

Հայոց Տուն