Մեդիափորձագետ, լրագրող Վարդուհի Սիմոնյանը Facebook-յան իր էջում գրել է.

 

«Տեղեկատվական ինչպիսի սկանդալ, ինչպիսի թոզուդուման է բարձրացել՝ պատգամավորը հայհոյել է լրագրողին: Բայց ո՞ւմ նկատի ունեք պատգամավոր կամ լրագրող ասելով: Այս պատմության մեջ դրանց տնազն անգամ անհնար է գտնել, գտնեք՝ կբարևեք:

 

Եթե երկուսից էլ վերցվի համապատասխան վկայականը, նրանք ուրիշ ապացույց չեն կարող ներկայացնել, որ մեկը պատգամավոր է, իսկ մյուսը՝ լրագրող: Բայց այս մեխերը խփվել են զանգվածային գիտակցության պատին, որ հասարակությունը իմանա՝ ինչ նկատի առնի պատգամավոր կամ լրագրող ասելիս: Այնպես որ այս «սխոդկան» հավաքեք մեդիահրապարակից ու պառլամենտի մատույցներից՝ ամոթ է:

 

Եվ ընդհանրապես, դադարեցրեք լրագրությունից փոփ և շոուբիզ ստանալու և այդ բիզը հասարակության աչքն ու ականջը խոթելու ջանքերը՝ փչացած, փալաս զանգվածը նվազագույնը հայրենիքի դավաճան է դառնում, զգուշացեք:

 

Լրագրությունը մի շփոթեք նախալրագրության ներածական մասի՝ փոստատարության հետ. միգուցե 10-ը բառով երկու էջ մրող ղոչաղը մի ժամանակ հաջողացրել է իր քսիֆները լրագրության ցուցափեղկից նաղդել հարգելի ընթերցողի վրա, բայց այսօր արդեն տգետ, կապը կտրած լակոտլուկուտով կամ ճտպտան, լաչառ կաչաղակներով սպասարկվող լրագրությունը դատապարտված է:

 

Կներեք, այս զգուշացման համար, բայց լրագրությունը աշխարհայացք, վարք, մշակույթ, էթիկա և էսթետիկա է, որն իր կերպով ու նմանությամբ հասարակություն է ստեղծում: Ի վերջո, այն ճանաչողություն է, գրողը տանի՝ չճանաչածը հնարավոր չէ ճանաչեցնել…
Հիմարության այսպիսի կենսափորձ, ինչպիսին մեր մասմեդիան է կուտակում այսօր, մենք երբեք չենք ունեցել: Մենք ստիպեցինք, որ մարդիկ անջատեն հայկական հեռուստատեսությունը և հիմարության ու բանսարկության էսկալացիայի թիրախում արդեն համացանցային մեդիառեսուրսն է, որի երեսին արդեն նայել չի լինում. ինչո՞ւ եք վստահ, որ մեզ չեն անջատի…»: