Երբ «աշխատում» ենք ցույց տալու համար...
Ինչպես սովորաբար, այնպես էլ այսօր աշխատանքի եմ գնում մետրոյով: Կարծում եմ, որ Հայաստանում գոյություն ունեցող ամենից հարմար տրանսպորտն է: Բաղրամյան կայարանի մուտքի մոտ արդեն հասկացա, որ սովորականից ավել աշխուժություն է տիրում այնտեղ: Ինչ-որ լուրջ դեմքով մարդիկ բանվորներին ասում են կայարան մուտքի վերնամասը ինչպես մաքրեն, մյուսները ուշադիր նայում են, հավաքարարը գետինն է մաքրում ընդգծված ջանասիրությամբ: Մտա կայարան: Այնտեղ էլ նույն վիճակը՝ մեկը 100 տարի չաշխատող լույսերն է փոխում, մյուսը հատակը մաքրում, բոլորը ինչ-որ բանով զբաղված են: Մետրոյում անսովոր մաքրություն էր տիրում, որը շատ հաճելի էր: Ու ես հիշեցի, որ կարծեմ հենց այսօր Երկրի նախագահը պետք է մետրոյով գնար ու բացեր «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնը:
Ես, իհարկե, կարծում եմ, որ Երկրի ղեկավարի այցին, համաձայն արարողակարգի ու առհասարակ, պետք է պաշաճ պատրաստվել ամեն առումով ու դեպքում: Խնդիրն այստեղ այլ է. վաղը, երբ այլևս բարձր ղեկավարությունից որևէ մեկը մետրոյից չի օգտվելու, այդ կառույցի ղեկավարությանը որևէ կերպ հետաքրքիր չի լինելու, ոչ մետրոյի ներսում մաքրության, ոչ լույսերի աշխատանքի, ոչ այլ հարցեր: Ոչ մեկը այդ բանվորին, հավաքարարին, տոմս վաճառողնին, շինարարին և մյուսներին չի խոչընդոտում ամեն օր նման կերպ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մենք միայն շնորհակալ կլինենք նրանցից: Չգիտեմ, միգուցե աշխարհի՝ մեր նման մյուս երկներու՞մ էլ է այդպես:
Ու սա միայն մետրոպոլիտենին չի վերաբերում: Մենք ղեկավարների, վերադասների ու նաև երբեմն էլ մեր հյուրերի մոտ ցույց ենք տալիս, որ ամեն բան նորմալ է, բնականոն: Որ, ասենք, մետրոն միշտ այդքան մաքուր է, տոմս վաճառողը այդքան բարեհամբյուր, վագոնները այդքան լուսավոր...Ցույց ենք տալիս, որ հանկարծ նրանց կողմից քննադատության ու նկատողության չարժանանանք:
Օրինակ՝ շատ մարզերի բնակիչներ կարծում են, որ եթե բարձրագայուն այս կամ այն ղեկավարն այցելի իրենց գյուղական համայնք կամ մարզային քաղաք, ապա ճանապարհները հավանաբար կասֆալտապատեն, տեղաբնակ մարդկանց կենցաղի համար այլ քայլեր կձեռնարկվեն:
Այսինքն խնդիրը մեզանում է. մեր մի մասը իր տեղում պատշաճ չի կատարում իր աշխատանքային պարտականությունները, իսկ նրա անմիջական վերադասն էլ ո՛չ բավարար ցանկություն, ո՛չ բավարար հավես չունի առկա խնդիրների նկատմամբ բավարար ու կատարված/չկատարված աշխատանքի նկատմամբ էլ բավական ուշադիր լինի: Իրականում գրեթե բոլոր ոլորտներում է այդպես: Մենք սկսում ենք աշխատել, երբ բարձր ղեկավարությունն է գալիս, երբ կարիք կա ինչ-որ կատարված աշխատանք ցույց տալ:
Օրինակ՝ Մետորոպոլիտենի ղեկավարությանը միթե՞ հետաքրիր չէ, որ Գործարանային կայարանի տանիքի հենասյուները մեծ ճաքերով են: Տարիներ առաջ թղթեր են փակցրել, հասկանալու վթարայնության աստիճանը: Այսօր այդ փակցված թղթերը, ընդհանուր կոնստրուկցիայի տեղաշարժի արդյունքում, պատռվել են ու մի օր կընկնեն մարդկանց գլխին:
Երևի բոլորս էլ մի 1000 նման դեպք կմտաբերենք, երբ ինչ-որ մարդիկ իրենց տեղերում շարժվում են միայն, երբ երկրի ղեկավարությունը տեղեկանում է կոնկրետ առկա խնդիրների վերաբերյալ:
Մենք միշտ սիրում են մեղադրել «վերևներին» բոլոր հնարավոր մեղքերի ու թերացումների մեջ: Իհարկե «վերևները» շատ հարցերում մեղավոր են, սակայն այն պատճառով նաև, որ ունեն նման «ներքևներ»: Ոչ մեկը չի խանգարում մեզ, մեր տեղերում, մեր վարձատրության դիմաց կանխավ ֆիքսված գործառույթների մասով կատարել մեր աշխատանքային պարտականությունները: Կասեք աշխատավարձը քիչ է: Սակայն չէ՞ որ դուք/մենք համաձայնվել ենք, հանձնառություն ենք ստանձնել, ուստի պետք է կատարենք դա, կամ ընտրենք նոր աշխատանք:
Մի տեսակ անհասկանալի շրջան է ստացվում, որից դժգոհ են մնում գրեթե բոլորը՝ մեղադրելով միմյանց:
Ալեն Ղևոնդյան