Վերջին շրջանում նկատել եմ որ հաճախակիացել են կարծիքները այն մասին որ իբր թե Հայաստանի ներկա ոչ այնքան էլ բարվոք քաղաքական և տնտեսական պայմանների պատճառը Արցախն է և Արցախյան գոյամարտը։
Ես հարցը այդ տեսանկյունով չէի դնի։ Այո, Հայաստանը Արցախի համար արեց այն ամենը ինչին ընդունակ էր և ինչը նրանից պահանջում էր մեր ժողովրդի շահը։ Մեր ժողովուրդը և մեր նորանկախ պետությունը ոչինչ չխնայեց ու լիուբոլ ամեն ինչ տրամադրեց որպեսզի Արցախը ազատագրվի Ադրբեջանի ամոթալի լծից որը նրա վզին փաթաթել էր Խորհրդային իշխանությունը իր ստեղծման առաջին տարիներին։
Այո, համաձայն եմ ձեզ հետ որ հիմա Հայաստանի վիճակը ևս վիճակ չէ և նա չէր լինի այս վիճակում եթե չձեռնարկեր Արցախի ազատագրման գործը։ Սակայն բարին այն է ինչը տեղի ունեցավ և ինչը այսօր ունենք։ Ունենք ազատ ու անկախ Հայաստան և ազատ ու անկախ Արցախ։
Մեր երկրի համար ստեղծված այս անբարենպաստ դրությունը որը անհանգստացնում ու մտահոգում է ինչպես ձեզ ինչը հասկացա ձեր այս թեմայով գրված ստատուսներից, այնպել էլ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ժամանակավոր բան է։ կանցնի կգնա և երբեք էլ չի բերի ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի կործանմանը։ Չպետք է այդքան վախենանք կամ մտածենք որ մեր երկրի վերջը շատ մոտ է։ Այսօր գոյություն ունեցող վիճակը անհամեմատելի լավ է քան եղել է անցած դարասկզբին։ Եթե այն ամենակուլ տարիներին չվերացանք աշխահի երեսից ապա այս լեն ու բոլ տարիներին հաստատ չենք կործանվի։
Համառություն, հետևողականություն, քրտնաջան աշխատանք, ահա այն ամենը ինչը պահանջվում է այս իրավիճակից դուրս գալու համար։ Եթե նորմալ իշխանություն ունենանք և նա կազմակերպի հայության ջանքերը ցանկալի մակարդակով ապա վստահ եմ որ մի հնգամյակից էլ շուտ մեր երկիրը կսկսի ծաղկել։ Չպետք է մահվան դողը մեր մարմինը գցենք ու սպասենք վերջին շնչին։ Մենք դուրս կգանք այս նեղ դրությունից մեր արցախյան հատվածի հետ միասին, իրար նեցուկ լինելով ու իրար օգնելով։ Մենք մեկ ազգ ենք ու մեկ երկիր։ Մենք երկու եղբայրներ չենք ։ Մենք մեկ միս ու արյուն ենք։
Մի պղտորեք մեր ժողովրդի միտքն ու հոգին մեղադրական կարդալով Արցախի հասցեին։ Դա երբեք լավ հետևանքներ չի ունենա մեզ համար։
Համլետ Աբրահամյան