Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորմամբ՝ Բակո Սահակյանի ուղերձում ասված է.

 


«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում. մեր երկրում դժվար թե գտնվի մի ընտանիք, որը մասնակից եղած չլինի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Տոն է ողջ հայ ժողովրդի համար, որովհետեւ աշխարհի տարբեր ծայրերից շատ քաջ հայորդիներ են մասնակցել Արցախի ազատության ու անկախության կերտմանը:

 


Ես շնորհավորում եմ բոլորիդ եւ հատկապես նրանց, ովքեր զօր ու գիշեր հսկում են հայրենի երկրի սահմանները, պաշտպանում հարազատ ժողովրդի անդորրը, հնարավորություն տալիս մեզ ապրել ու արարել խաղաղ երկնքի տակ: Նրանք մեր խիզախ զինվորներն են, սպաներն ու գեներալներն են մեր հերոսական բանակի, որը եղել է, կա ու կլինի մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքը, նրա անվտանգության հիմնական երաշխավորը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, հայրենիքի պաշտպաններին' անպարտելի ուժ ու զորություն։
Հավե~րժ փառք ու պատիվ Արցախի նվիրյալ զավակներին»:

 

 

Վրեժ Հովսեփյան