Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ' նամակում, մասնավորապես, նշված է, որ տարբեր ձեւաչափերով հանդիպումներն ամփոփվել են փետրվարի 4-ին Ազգային ժողովում խորհրդարանական քաղաքական ուժերի եւ փետրվարի 19-ին՝ նույն կազմի եւ արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարների քննարկումներով:
Խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու նպատակով դիմել հանրապետության Նախագահին՝ սահմանված կարգով ընթացք տալու համատեղ առաջարկին:
Փաստաթուղթը ստորագրել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական, Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները:
Վրեժ Հովսեփյան