2015 թվականի ավարտին Թուրքիան փակեց իր պատմության ամենից լարված, ողբերգալի և արյունոտ էջերից մեկը: Ի՞նչպիսին էր 2015 թվականը Թուրքիայի համար....
ահաբեկչական ակտեր, քրդերի դեմ ուղղված կոտորածներ, քաղաքացիական պատերազմ, անհիմն ձերբակալություններ, բռնատիրական կարգեր, ժողովրդավարական արժեքների ոտնահարումներ … Ի լրումն այս ամենի՝ բավական լարվեցին Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները...
Թուրքական օդուժի կողմից ռուսական մարտական ինքնաթիռի խոցումը դրդեց Ռուսաստանին ձեռնարկել պատասխան քայլեր վերջիններիս նկատմամբ: 2 օրվա ընթացքում Թուրքիայի դեմ սահմանվեցին տնտեսական պատժամիջոցներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տնտեսական և շինարարական ոլորտներին: Արդյունքում ՌԴ անասնաբուծական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության Կալինինգրադի մարզային վարչությունը Թուրքիային վերադարձրեց մոտ 250 տոննա թռչնամիս, ինչպես նաև ավելի քան 20 տոննա մանդարին: Այսպիսի մի շարք հակաքայլերի ֆոնին' Ռուսաստանը պարտադրված պատժամիջոցներ կիրառեց նաև զբոսաշրջության ոլորտում՝ հորդորելով սեփական բնակիչների խուսափել Թուրքիա մեկնելուց: Չեն բացառվում նույնիսկ լրացուցիչ քայլերի կիրառումը նաև հետագայում:
Հատկանշական է, որ վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերություններում նկատվում էր փոխադարձ տնտեսական շահի վրա հիմնված հարաբերությունների զգալի ջերմացում: Չնայած քաղաքական հայացքների հակասություններին՝ Ռուսաստանն ու Թուրքիան հասել էին համագործակցության գագաթնակետին՝ հատկապես էներգետիկ ոլորտում փորձելով ամրապնդել կապերը:
Երկու երկրների հարաբերությունները սկսվեց դեռ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախագահման տարիներին և առավել ամրապնդվեցին Պուտինի կառավարման օրոք: Այդ ժամանակից սկսած Թուրքիայի և Ռուսաստանի միջև պարբերաբար կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչպիսին է մուտքի արտոնագրի պահանջների վերացումը, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցումը, «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը և այլն:
Հատկանշականն այն է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 2014-ին կազմել է 31 միլիարդ դոլար, 2015թ. առաջին 9 ամիսներին այն կազմել է 18.1 միլիարդ դոլար, որից 15 միլիարդը բաժին է հասնում Ռուսաստանից Թուրքիա արտահանմանը:
Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մինչև 2023թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը պետք է հասնի 100 միլիարդ դոլարի:Սակայն, ռուս-թուրքական վերջին զարգացումները հաշվի առնելով, այս թիվն այդքան էլ իրատեսական չի կարող համարվել:
Այս մասին է վկայում նաև նախորդ տարեվերջին անցկացվող ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունը, ըստ որի ինքն այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ոչ մի տարբերակ չի տեսնում և չի բացառում, որ Թուրքիան այս քայլերին գնացել է առանց որևէ մեկի հետ քննարկման, պարզապես ԱՄՆ-ին հաճոյանալու և ցույց տալու համար, որ Թուրքիան ևս դեմ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով Թուրքիայի վարած երկակի և անորոշ քաղաքականությունը, ներկայումս ակնհայտ չէ որևէ դրական տեղաշարժ ռուս-թուրքական հարաբերություններում:
Անի Ասլանյան