Հայաստանում օմբութսմենը հաջողություններ արձանագրելու համար պետք է խիստ ազդեցիկ լինի
Քիչ առաջ լուր տարածվեց, թե ՀՀ ԱԺ-ում 96 կողմ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ՄԻՊ ընտրվեց Արման Թաթոյանը: Ենթադրում եմ, որ նոր օմբութսմենը լավ իրավաբան է, որոշակի փորձ ունի պետ.կառավարման ոլորտում, միգուցե զուսպ ու պարկեշտ անձնավորություն է, սակայն մեր տիպի հասարակություններում ու մեր տիպի պետության մեջ մարդու իրավունքների ոլորտում արդյունավետ աշխատանքի համար երբեմն մասնագիտական գիտելիքները ու օրենիք իմացությունը բավարար չէ:

 


Այս պաշտոնը կրողը, իմ կարծիքով, հանրային ու պետական կառավարման ոլորտների տեսանկյունից հեղինակավոր ու խիստ ազդեցիկ մարդ պետք է լինի, որպեսզի ոչ միայն օրենքի զորու, այլ նաև սեփական լեգիտիմության ու ազդեցիկության գործակցի ներքո կարողանա մեր երկրում այդօրինակ զգայուն ու խնդրահարույց ոլորտում տեսանելի արդյունքներ արձանագրել: Ավելին՝ նա պետք է բավարար ազնիվ ու բավական խիզախ լինի՝ իր ընթացիկ գործունեության մեջ ու տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամանակ, քանզի անխուսափելիորեն արժանանալու է տարբեր կուսական գործիչների, լրագրողների ու տարբեր քաղաքացիների քննադատական վերաբերմունքին:

 


Ենթադրելի է, որ որքան էլ նա փորձի լուծել առկա խնդիրները, մեր իրավագիտակցության ու ժողովրդավարական ընկալումների ու արարողակարգերի ներքո ինչպես հասարակական շրջանակների, այնպես էլ պետաիրավական ոլորտի տարբեր ներկայացուցիչների մասով դժգոհները միշտ գերակայելու են: Հետևաբար անհատական ազդեցիկության գործոնը այս առումով էլ բավական կարևոր է:
Ինչևէ՝ հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթենք նոր օմբութսմենին՝ իր բարդ ու աշխատատար ոլորտում հաջողություններ գրանցելու մասով:

 

Ալեն Ղևոնդյան