Թուրքիայի ինքնախոստովանություններն վկայում են Էրդողանի ռեժիմում գնալով հասունացող անմեղսունակության մասին։ Մինչ Թուրքիայի ԳՇ պետը գանգատվում է, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցնում կոալիցիայի կողմից սատարվող «չափավոր ընդդիմության» ջոկատներին, Դավութօղլուն էլ ավելի հեռուն է գնացել ու հայտարարել է, որ եթե այսօր Սիրիայի տարածքի ինչ որ մասեր չեն վրահսկվում Ասսադի ուժերի կողմից, դա շնորհիվ Թուրքիայի է։
Հիշեցնեմ, որ կառավարական ուժերի կողմից չվերահսկվող տարածքների առյուծի բաժինը գտնվում է ԻՊ-ի, Ջաբհատ ան Նուսրա, Ջեյշ ալ Իսլամ ու այլ նմանօրինակ խմբավորումների վերահսկողության տակ է, որոնց չափավորության մասին խոսք լինել անգամ չի կարող ու որոնցում մարտնում են իսլամիստական ինտերնացիոնալի ամենազարհուրելի ներկայացուցիչներ, վարձկաններ, սովորական հանցագործներ ու հենց սիրիայի սուննիներ, որոնց առավելապես որպես հրանոթային միս են օգտագործում։
Այլ կերպ ասած, Դավութօղլուն արդեն բաց տեքստով խոստովանում է, որ Սիրիայում մարտնչող ահաբեկչական խմբավորումները այսօր կան բացառապես շնորհիվ թուրքական աջակցության։
Սա ուշագրավ է նաև նրանով, որ ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ բաց առճակատում հրահրելու դեպքում, ինչպես նաև չի ողջունում թուրքերի կողմից ամեն գնով քրդերին խանգարելու փորձերը։ Սա ամբողջովին կոտրում է Էրդողանի խաղը ու ստեղծում է մի իրավիճակ, երբ այսպիսի խոշոր ձախողումների ֆոնին, նրան կարող են պարզապես հում-հում ուտել յուրայինները։ Ընդ որում, վերջին մի քանի տարիների Էրդողանը հասցրել է վերջանականապես փչացնել իր հարաբերությունները ինչպես յուր զինվորական վերնախավի, այնպես էլ հարազատ կուսակցության այլ բևեռների հետ։
Սակայն սրանից Թուրքիան ու Էրդողանն ավելի անվտանգ չեն դառնում։ Ես կասեի ճիշտ հակառակը։ Հաշվի առնելով Էրդդողանի անձնային առանձնահատկությունները, ինչպես նաև Թուրքիայի սպեցիֆիկաները, ես չեմ զարմանա, որ վերջին հուսահատ ճիգով մեկ էլ մի հատ այնպիսի ֆոկուս անեն, որ ամբողջ տարածաշրջանը պայթի ու նման «ֆոկուսների» ամենահավանական թատերաբեմերից մեկն էլ Արցախն է․․․
Կոնստանտին Տեր-Նակալյան