Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն շվեյցարացի ճանապարհորդ էր, որը 1832-34 թթ. ճանապարհորդել է Կովկասով, Հայաստանով' եղել Էջմիածնում, Երևանում և Նախիջևանում: Հետագայում հրատարակել է «Ճանփորդություն Կովկասի շուրջը» գիրքը' որտեղ տեղ են գտել բազմաթիվ նկարներ, այդ թվում նաև այս «Արարատ լեռը, տեսարան Երևանի բերդից» բնանկարը' արված 1832 թվականին: Նկարում ձախից' Երևանի բերդի դեռևս կանգուն պարիսպներն են, Հրազդան գետը և կիրճը: Աջից' Երևանի միջնադարյան Կարմիր կամուրջն է, որը վերակառուցվել էր 1679-ի երկրաշարժից հետո, բայց ներկայումս գտնվում է անմխիթար և լքված վիճակում: Իսկ նկարի դիմացի համայնապատկերը' դա երևանյան հանրահայտ Դալմայի այգիներն են, որոնց մասին հիացմունքով է հիշատակում Դյուբուա դը Մոնպերեն իր գրքում, նշելով, որ ամեն մի հողատարածք ունի իր գինու մառանը, որտեղ գինի է պահվում:

 

 

Այս առումով ասուլիցներից մեկում հետաքրքիր դիտարկումներ արեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը. «Երևանում հին մառանները, ինչպես նաև պատմական միջավայրը' նրանց շրջակայքը, պետք է աչքի լույսի պես պահպանել, դրանք պատմական արժեքներ են, մեր հարստությունն է: Նմանատիպի մառաններ ու հնձաններ կան նաև Երևանի Դալմայի հայտնի այգիներում: Վերջերս մեր արված հետազոդության արդյունքում պարզվեց, որ այնտեղ կան պարսկական ժամանակաշրջանի' 16-18-րդ դարերի շատ լավ պահպանված հնձան-մառաններ, որոնք կարող են շատ գրավիչ լինեն զբոսաշրջության համար, ընդ որում' այգիների հետ միասին նրանք կարող են կազմել մի ամբողջական համալիր»:

 

Ռուբեն Շուխյան