Հայը գաղթել է միայն այն ժամանակ, երբ թշնամին՝ արաբը, սելջուկյան թուրքը, թաթար-մոնղոլը, օսմանյան թուրքը գրավել է Հայաստանը և կեղեքել: Պատմության մեջ առաջին անգամ հայն անբռնադատ՝ ուզելո՛վ է հեռանում հայրենիքից, որտեղ օտարացեղ զավթիչը չէ տիրակալը: Պատմության մեջ առաջին անգամ հայն ունեցավ ղզլբաշից ու թրքից զերծ Հայաստան, զուտ հայերով բնակեցված հայրենիք: Ո՞վ կպատկերացներ նման չքնաղ երկիր:
Ո՞ր հայի մտքով կանցներ, թե ինքը կարող է լքել այդպիսի Հայաստանը, որին երազել է դարեդար: Ո՞ր մեկս կկարծեր, թե ինքը կունեզրկվի իր ազատ երկրում, և կունեզրկվի, աղքատության կմատնվի իր պես անկախ Հայաստան երազած մարդկանց ձեռքով ու կտարագրվի գոյությունը պահպանելու համար: Ինչպիսի՞ ապրումներ կունենային նախնի հայերը և հետևյալ տողերը գրած ամենայն հայոց բանաստեղծը, եթե տեսնեին արյունաքամվող Ազատ Մայր Հայաստանը.«Ազատ Հայաստան էին երազում ուսանողը, տաճկահայը, պարսկահայը և բոլոր հեռավոր գաղութները:
Ազատ Հայաստան էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը՝ առանց սեռի և հասակի խտրության: Ի՞նչ ասես, որ չէր տա գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ Ազատ Հայաստանը»:
Միքայել Միքայելյան