Մի քիչ երկար եմ գրելու։ Կարճ չի ստացվի։
Այսպիսով, կամաց-կամաց մոտենում ենք Միացյալ Նահանգներում Նախագահական ընտրությունների թեկնածուների հստակեցմանը։ Հանրապետական Կուսակցության թեկնածուների շրջանում վերջին փոլերի արդյունքների համաձայն Թեդ Քրուզը առաջ անցավ սկանդալային Դոնալդ Թրամփից։ Դա տեղի ունեցավ Նախագահ Օբամայի ելույթից հետո, երբ վերջինս կոշտ քննադատեց Թրամփին և հույս հայտնեց, որ ամերիկացիները խելացի կգտնվեն և Դոնալդի օգտին չեն քվեարկի։ Գաղտնիք չէ, որ Թրամփի ձայների հիմնական մասը ապահովում է Միացյալ Նահանգների ապահովված սպիտակ բնակչությունը։ Հանրապետականների ճամբարում պայքարը դեռ կշարունակվի, բայց, կարծում եմ, վերջնական թեկնածուն, այնուամենայնիվ, կլինի հենց Թեդ Քրուզը։
Դեմոկրատների շրջանում պայքարը շատ ավելի հետաքրքիր շրջադարձեր է ընդունում։ Սկզբնական շրջանում բացարձակ ֆավորիտ համարվող Հիլլարի Քլինթոնը այսօր, արդեն, երկրորդ տեղով է ընթանում։ Առաջին հորիզոնականը վերջինից խլել է Բերնի Սանդերսը։ Բերնին, ինձ համար, շատ հետաքրքիր կերպար է։ Բայց նրա մեջ ինձ, առաջին հերթին, գրավում է այն, թե ինչ է նա պատրաստվում անել Նախագահ ընտրվելուց հետո։ Այն, ինչ նա ցանկանում է անել, պարզապես հեղափոխություն կարելի է անվանել։ Կարելի է ասել, որ դա մարտահրավեր է ամբողջ Համակարգին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներում կապիտալի ու փողի հիմնական հատվածը կենտրոնացած է բնակչության ընդամենը 1%-ի մոտ։ Շատ պարզ բացատրելով՝ Սանդերսը ցանկանում է այդ ահռելի կապիտալը բաշխել բնակչության շրջանում, իսկ մեծահարուստ օլիգարխների վրա սահմանել մեծ հարկեր։ Բացի այդ, նա մարտահրավեր է նետում մեգակորպոռացիաներին, որոնք հսկայական գերշահույթներով են աշխատում, այն դեպքում, երբ երկրում միլիոնավոր մարդիկ աշխատանքի և փողի կարիք ունեն։ Որքան էլ պարադոքսալ է, բայց հենց «ծերուկ» Սանդերսի օգտին պատրաստ են քվեարկել հիմնականում հենց ԱՄՆ երիտասարդները, երիտասարդ կանայք։ Երիտասարդների ձայները վերադարձնելու համար Քլինթոնը արդեն խիստ պարզունակ քայլերի է դիմում։ Երեկ նրան սատարելու մասին խոսեց դերասանուհի Լինդսի Լոհանը, իսկ այսօր Քլինթոնը հանդիպեց Բրիթնի Սպիրզին։
Անգամ իր նախընտրական արշավի համար Սանդերսը գումար հավաքում է հասարակ մարդկանցից, այն դեպքում երբ մնացած թեկնածուները՝ այդ թվում Հիլլարի Քլինթոնը, հիմնականում գումարներ ստանում են խոշորագույն ընկերություններից, կորպոռացիաներից, օլիգարխներից և այլն։ Պետք չէ բացատրել, որ ով վճարում է, նա էլ «պատվիրում է երաժշտությունը»։ Հետևաբար... ինքներդ հասկացաք։
Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հայերը յուրաքանչյուր թեկնածուից։ Ո՞ր մեկը նրանցից կլինի առավել օգտակար մեր շահերի տեսանկյունից։ Կարծում եմ՝ ՈՉ ՄԻ ակնկալիք ՈՉ ՈՔԻՑ պետք չէ սպասել։ Հանրապետականները երբեք առանձնակի հայասիրությամբ չեն առանձնացել և չեն էլ առանձնանալու։ Թրամփի պարագայում պետք է հիշել, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Ալիևների ընտանիքի հետ, բազմամիլիոնանոց ներդրումներ է կատարել հենց Ադրբեջանում, իսկ մայրաքաղաք Բաքվում կա անգամ երկնաքեր նրա անունով՝ Trump Tower։ Որևէ բան նրանց կողմից ակնկալել չի կարելի, քանի դեռ մեր երկիրը այսքան անդեմ է, անողնաշար միջազգային հարթակներում, քանի դեռ եկրի դե-ֆակտո իշխանությունները լեգիտիմ չեն ու Կրեմլի կամակատարներն են, քանի դեռ համատարած կրիմինալ է, անպատժելիություն, կոռուպցիա և այլն։
Հ.Գ. Հետաքրքիր նախադեպ է լինելու նշածս թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրվելու դեպքում։ Այսպես, Թեդ Քրուզը կարող է դառնալ ԱՄՆ առաջին Նախագահը, ով ԱՄՆ-ում չի ծնվել (նա ծնվել է Կանադայում), Քլինթոնը կարող է դառնալ առաջին կին Նախագահը, Սանդերսը՝ առաջին հրեա Նախագահը։ Ժամանակ քիչ մնաց, տեսնենք...
Արա Միրզոյան