1977 թվականի փետրվարի 18-ին Երևանում բացվեց Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը
Գայը (Հայկ Բժշկյանց, 1887-1937թթ.) սովետական բանակի հայազգի հրամանատար էր, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922թ.-ին), կորպուսի հրամանատար (գեներալ-գնդապետ):

 


Հուշարձանը գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից։ Նրանցից էր Վիտալի Լիխովիդսկին:

 


Խորհրդային բանակի հայազգի հրամանատար Գայի հուշարձանի համար հայտարարվել էր մրցույթ։ 1970 թվականի հունիսի 25-ին մրցութային հանձնաժողովը հաղթող ճանաչեց Սուրեն Նազարյանի ներկայացրած տարբերակը։ Արձանի մոտ պետք է կառուցվեին նաև քաղաքացիական կռիվները պատկերող 60x1,2մ չափերով հարթաքանդակներ։
Գայի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1977 թվականի փետրվարի 18-ին Նոր Նորքի 1-ին զանգվածում։ Բացման խոսք է ասել Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Մուրադ Մուրադյանը։ Այնուհետև ելույթ են ունեցել ակադեմիկոս Գեղամ Ղարիբջանյանը, Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀԳՄ վարչության քարտուղար Մկրտիչ Սարգսյանը:

 

Անի Ասլանյան