Հին Ջուղայի խաչքարերի առաջին հայ լուսանկարիչը... Նկարում Արամ Վրույրն է (1863, Պոլիս - 1924, Թիֆլիս)՝ հայ դերասան, դրամատուրգ և բեմադրիչ: Բեմական և գրական գործունեությանը զուգընթաց, Արամ Վրույրը զբաղվել է նաև հնագիտական լուսանկարչությամբ: 1904-1917 թթ. նա մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին՝ մասնավորապես Անիում և Վանում, որոնց ընթացքում բազմաթիվ լուսանկարներ է արել:
1915 թ. Մառի հանձնարարությամբ Արամ Վրույրը այցելում է Հին Ջուղա (Երևանի նահանգի Նախիջևանի գավառ) և լուսանկարում հարյուրից ավելի խաչքարեր՝ փաստացի դառնալով առաջին հայ լուսանկարիչը, որը պատկերել է ուշ միջնադարի հայկական կիրառական արվեստի այդ հռչակավոր հուշարձանները: Բացի լուսանկարելուց, Արամ Վրույրը Հին Ջուղայում կատարեց նաև գիտական մեծ աշխատանք' ուսունասիրելով և հավաքագրելով բազմաթիվ նյութեր այդ բացառիկ կոթողների վերաբերյալ: Այդ ամենի արդյունքը դարձավ նրա կողմից հեղինակած «Ջուղա» խորագրով հնագիտական ուսումնասիրությունը, որը տպագրվեց արդեն ավելի ուշ' 1967-ին «Պատմաբանասիրական հանդես» ամսագրում:
Սակայն Արամ Վրույրը թերևս ավելի շատ հայտնի է որպես միջնադարյան հայոց քաղաքամայր Անիի լուսանկարիչ: 1909 թ. նա հրատարակում է Անիի պատկերներով իր հանրահայտ բացիկների շարքը՝ 50 ստերեոսկոպիկ լուսանկարներ, արված Անիում։ Ներկայացնում ենք նրանցից երկուսը՝ Հոռոմոսի վանքային համալիրում գտնվող հայոց թագավոր Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանը և հայ անվանի հնագետ Թորոս Թորամանյանը' Անիում:
Ռուբեն Շուխյան