Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում փետրվարի 14-18-ը ընթանում են ծանրամարտի տղամարդկանց և կանանց ծանրամարտի 2016թ ՀՀ առաջնությունները:
Այս ստուգատեսերի արդյունքներով տղամարդկանց և կանանց ՀՀ ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանն ու Արտաշես Ներսիսյանը կընտրեն երկաթախաղի մեր այն ուժեղագույն վարպետներին ,որոնց կվստահվի պաշտպանելու ՀՀ մարզական պատիվը ապրիլի 8-16-ը Նովեգիայի Ֆորդե քաղաքում ընթանալիք Եվրոպայի առաջնությունում:

 


Երեկ կայացած կանանց ՀՀ առաջնության ավարտից հետո այսօր՝ մրցումային 2-րդ օրը արդեն իրենց վարպետությունը սկսեցին ցուցադրել տղամարդկանց 2016թ ՀՀ առաջնության մասնակիցները:
Այսօր երկու՝ 56կգ և 62կգ քաշային կարգերում մրցահարթակ ելան 21 ծանրորդներ,որոնք վիճարկեցին առաջնության մեդալները:
56 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց երկամարտի 220 կգ արդյունք գրանցած Համլետ Մնացականյանը: Նրան հաջորդեցին և մրցանակային եռյակում տեղեր զբաղեցրին Խաչիկ Հարությունյանն (182 կգ) ու Մովսես Երանոսյանը (178կգ):

 


62կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ ու ՀՀ չեմպիոն հռչակվեց երկամարտում 258կգ ցուցանիշն արձանագրած Գևորգ Բաղդասարյանը:Արմեն Գրիգորյանն (248 կգ) ու 56կգ քաշային կարգի տղամարդկանց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Սմբատ Մարգարյանն (243 կգ) էլ զբաղեցրին 2-րդ ու 3-րդն տեղերն և արժանացան համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալների:
Վաղը՝ փետրվարի 16-ին մրցահարթակ կելնեն 69 կգ և 77 կգ քաշային կարգի ծանրորդները: Հատկապես սկզբունքային, անհաշտ և դիտարժան պայքար է սպասվում 77կգ քաշայիններ՝ 27-ամյա Տիգրան Գ .Մարտիրոսյանի և 20-ամյա Անդրանիկ Կարապետյանի միջև:


Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: