Սիրական Տիգրանյան' 1918-1919 թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարարը... Նկարում Ալեքսանդրապոլ քաղաքի Տիգրանյանների մեծ գերդաստանն է, որտեղ բոլորի հետ պատկերված են նաև հարազատ եղբայրներ Նիկողայոսը և Սիրականը: Նիկողայոսը (աջից նստած երկրորդը), որը մանուկ հասակում կորցրել էր տեսողությունը, հայ մշակույթի հայտնի երաժշտական գործիչ է եղել' երգահան և բանահավաք: Իսկ ահա ձախից նստած նրա հարազատ եղբոր' Սիրականի (նաև' առանձին պատկերում) անունն այսօր հանիրավի մոռացության է մատնված, մինչդեռ նա' 20-րդ դարասկզբի հայ ազգային և պետական ականավոր գործիչ է հանդիսացել:
Սիրական Թադևոսի Տիգրանյանը (1875-1947) ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նա սովորել է Թիֆլիսի արական գիմնազիայում, ավարտել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնակցել ուսանողական շարժմանը։ Բացի մայրենիից և ռուսերենից' կատարելապես տիրապետել է գերմաներենին և ֆրանսերենին: Տիգրանյանը Էջմիածնի հոգևոր ճեմարանում զբաղեցրել է իրավաբանական ու փիլիսոփայական գիտությունների դասախոսի պաշտոնը, միաժամանակ եղել Թիֆլիսի ճեմարանի տեսուչը։ 1907-ին նա Երևանի նահանգից ընտրվում է Ռուսասատանի 2-րդ Պետդումայի պատգամավոր:
1-ին աշխարհամարտի սկզբից Տիգրանյանը ակտիվ մասնակցություն է ունենում հայկական կամավորական ջոկատների ձևավորման գործընթացին և մասնակցում մարտական գործողություններին: 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի օրերին Սիրական Տիգրանյանը զբաղեցրել է Երևանի փոխնահանգապետի պաշտոնը' Արամ Մանուկյանի և Արշավիր Շահխաթունու հետ կազմակերպելով ռազմաճակատի թիկունքի աշխատանքները: Իսկ 1918-ի օգոստոսից' արդեն Հայաստանի առաջին պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահն է դառնում:
1918-ի նոյեմբերից' մինչև 1919-ի ապրիլը Սիրական Տիգրանյանը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարը' վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում: Հայաստանի համար դա եղել է դժվարին և բախտորոշ ժամանակահատված: Դեկտեմբերին Դրոյի գլխավորած հայկական զորամիավորումները, ջախջախելով վրացական օկուպացիոն զորախումբը Լոռիում' մոտեցել էին արդեն Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մատույցներին:
Որպես արտգործնախարար Տիգրանյանը դիվանագիտական մեծ ջանքեր գործադրեց' հայ-վրացական պատերազմի հաղթական ելքը հօգուտ հայերի ամրագրելու համար: Բանակցությունների արդյունքում, որին ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել անձամբ Տիգրանյանը, շուտով կնքվեց հաշտության պայմանագիր, որով Լոռին վերջնականապես անցավ Հայաստանին: Ներկայացնենք մի ուշագրավ դրվագ ևս: Երբ 1919-ի հունվարի 15-ին ադրբեջանական կառավարությունը որոշում է Լեռնային Ղարաբաղի նահանգապետ կարգել Խոսրով բեկ Սուլթանովին, Հայաստանի արտգործնախարարությունը' ի դեմս նախարար Սիրականյանի, անմիջապես արձագանքում է դրան և հեռատիպով պաշտոնական բողոքի նոտա է հղում Բաքու, որում մասնավորապես նշվում է. «Այդ ինչպես և որ իրավունքով է Ադրբեջանի ներկայացուցիչը նշանակվում անկախ Հայաստանի մի մարզի նահանգապետ»։
1919 թ. Սիրական Տիգրանյանը որոշ ժամանակ զբաղեցրել է նաև Հանրային կրթության և արվեստի նախարարի պաշտոնը, իսկ 1919-1920 թթ.' Հայաստանի նորընտիր խորհդարանի փոխնախագահն էր: Եղել է Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից, գիտապատմական մի շարք աշխատությունների հեղինակ: Հայաստանի խորհրդայնացումից հետո շարունակում է որոշ ժամանակ աշխատել Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, հետո տեղափոխվում է Ալեքսանդրապոլ և դասավանդում տեղի դպրոցներում: Մարդ, որն իր ողջ կյանքն ու կարողությունները նվիրաբերեց իր հայրենիքին' Հայաստանին, 1938 թվին ձերբակալվեց, անհիմն բռնադատվեց' որպես «հայ ազգայնական վտանգավոր տարր» և մահացավ անհայտության մեջ' հեռավոր սիբիրյան աքսորում։
Ռուբեն Շուխյան