Նախորդ տարվա տնտեսական ակտիվության մեջ մեծ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտը, որը ունեցել է 11,7 տոկոս աճ: Վերջինիս համախառն արտադրանքը կազմել է մոտ 1 տրիլիոն դրամ, որից բուսաբուծությունը ապահովել է 606,2 մլրդ դրամի, իսկ անասնապահությունը՝ 395,9 մլրդ դրամի համախառն արտադրանք:
Հրապարակված ցուցանիշներից պարզ է դառնում, որ նախորդ տարի հանրապետության «ամենագյուղատնտեսական մարզը» Գեղարքունիքի մարզն է եղել, որի գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 190,8 մլրդ դրամ, իսկ տեսակակար կշիռը կազմել է 19% ամբողջ գյուղատնտեսության արտադրանքի համախառն կառուցվածքում: Հաջորդ տեղում Արմավիրն է իր 180,5 մլրդ դրամ ծավալով և 18 տոկոս մասնաբաժնով, իսկ երրորդը՝ Արարատը՝ 134,8 մլրդ ծավալով կամ 13,5 տոկոս մասնաբաժնով:
Հարկ է նշել նաև, որ 2015-ը բարեբեր է եղել նաև կաթնատվության ծավալների աճի առումով:
Կաթի արտադրության ծավալով ամենաառաջին մարզը՝ Գեղարքունիքն է՝ 135,1 հազար տոննա կաթով, իսկ ձվի արտադրությամբ՝ Արմավիրի մարզը՝ 141,9 մլն. հատ ձվով: Գեղարքունիքի մարզում ամենամեծ ծավալով իրացվել է նաև գյուղատնտեսական կենդանի և թռչուն, մսամթերքի ստացման նպատակով:
Մարինա Ներսեսյան