Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ,օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը առաջիկա կարևոր ստուգատեսի մեկնարկից 1 ամիս առաջ հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր Հայաստանը ներկայացնելու են ըմբշամարտի 2016թ Եվրոպայի առաջնության ժամանակ:
Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, գլխավոր մարզիչը մայրացամաքի ուժեղագույն ըմբիշներին մրցապայքարին մասնակցելու համար խնդրել է հայտավորել հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ընտրանու հետևյալ 8ըմբիշներին՝ Ռոման Ամոյանին(59 կգ), Միհրան Հարությունյանին(66 կգ), Վարշամ Բորանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Ռաֆայել Մանուկյանին(80 կգ), Մաքսիմ Մանուկյանին (85 կգ), Արթուր Ալեքսանյանին (98 կգ) և Էդուարդ Խաչատրյանին (130 կգ):
Այս օրերին հունահհռոմեական ՀՀ ազգային հավաքականը Երևանում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Բուլղարիայի և Շվեյցարիայի ազգային ընտրանիների հետ:
Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն է:
Փետրվարի 4-ին մեկնարկած այս հավաքը կավարտվի փետրվարի 17-ին: Փետրվարի 25-ին հայ ըմբիշները կմեկնենԲելառուս ,որտեղ Ստայկիի օլիմպիական մարզահանգրվանում Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական փուլի ուսումնամարզական եզրափակիչ հավաքը կանցկացնեն:
Ըմբշամարտի 2016թ Եվրոպայի առաջնությունն,որտեղ ի դեպ , օլիմպիական խաղերի ուղեգեր չեն խաղարկվի, կկայանա մարտի 8- 13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները ստուգատեսի պարգևները կվիճարկեն մարտի 11-13-ը:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: