Օրերս ազգայինվիճագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի հիմնական ցուցանիշները ըստ մարզերի:
Երևանը ապահովել է հանրապետության արդյունաբերական արտադրանքի մոտ 40 տոկոսը, արտադրելով 538,4 մլրդ դրամի արտադրանք, որի 80 տոկոսը իր հերթին ապահովել է մշակող արդյունաբերությունը, որը կազմել է 434,1 մլրդ դրամ: 16 տոկոսը իր հերթին ապահովել է էներգետիկան, կամ այլ խոսքով էլեկտրականության, գազի արտադրությունը և մատակարարումը: Երևանի մշակող արդյունաբերության ճյուղի արտադրանքի մոտ 77 տոկոսը ապահովել են 4 ճյուղերը՝ սննդամթերքի, հիմնային մետաղների, ծխախոտատեսակների և խմիչքների արտադրությունները, համապատասխանաբար՝ 153,7 մլրդ դրամ, 73,9 մլրդ դրամ, 56,3 մլրդ. դրամ և 50,5 մլրդ դրամ ծավալով:

 


Արագածոտնի մարզը արտադրել է 24,1 մլրդ դրամի արտադրանք կամ հանրապետության ամբողջ արդյունաբերական արտադրանքի ընդամենը 1,7 տոկոսը: Արմավիրի մարզը արտադրել է 53,9 մլրդ. դրամի արդյունաբերական արտադրանք, որի ծավալի մոտ 60 տոկոսը կամ 32,1 մլրդ. դրամը կազմում է էլեկտրականության, գազի արտադրությունը և մատակարարումը: Վերջինս հիմնականում պայմանավորված է Մեծամորի ատոմակայանի գործունեությամբ:
Գեղարքունիքի մարզը արտադրել է 32,3 մլրդ. դրամի արտադրանք: Արտադրանքի մոտ կեսից ավելին՝ 17,2 մլրդ. դրամը ապահովել է հանքագործական արդյունաբերությունը (հիմնականում Սոթքի ոսկու հանքավայրը):
Լոռու մարզը արտադրել է 141,2 մլրդ. դրամի արդյունաբերական արտադրանք և հանդիսանում է երրորդ ամենամեծ արդյունաբերություն ունեցող մարզը: Հիմնական արդյունաբերական ճյուղը դա հանքագործական արդյունաբերությունն է, իր 72,8 մլրդ. դրամ արտադրանքով, ինչպես նաև հիմնային մետաղների արտադրությունը՝ 35,4 մլրդ. դրամ և սննդամթերքների արտադրությունը, իր 16,6 մլրդ. դրամ ծավալով: Այս մարզի լեռնամետալուրգիական արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացված է Ալավերդիում, Ախթալայում և Թեղուտում: 10,2 մլրդ. դրամ ծավալի արտադրանք է թողարկել էներգետիկ ճյուղը:
Կոտայքի մարզը իր արտադրական պոտենցիալով հինգերորդն է հանրապետությունում, որի արդյունաբերական արտադրանքը կազմել է 135,6 մլրդ. դրամ:

 


Այստեղ ամենաառաջնային արդյունաբերական ճյուղը, դա էներգետիկան է՝ իր 55 մլրդ. դրամ ծավալով, ինչպես նաև այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների և հիմնային մետաղների արտադրությունը՝ համապատասխանաբար 15 և 14,6 մլրդ. դրամ ծավալով: Կարևոր է նաև սննդամթերքների և խմիչքների արտադրությունը, յուրաքանչյուրը 19 մլրդ. դրամ ծավալով: Այստեղի էներգետիկ հզորությունները հիմնականում կենտրոնացված է Հրազդանում:
Շիրակի մարզը արտադրել է 38,7 մլրդ դրամ արդյունաբերական արտադրանք: Հիմնական ճյուղերը՝ դա սննդամթերքի արտադրությունն է 24,9 մլրդ. դրամով, էներգետիկան՝ 6,2 մլրդ. դրամով և խմիչքների արտադրությունը՝ 2,5 մլրդ. դրամով:
Սյունքի մարզը երկրորդն է իր արդյունաբերական արտադրանքի ծավալով, որը կազմել է 223,6 մլրդ դրամ, որը կազմում է ամբողջ արդյունաբերական արտադրանքի 16,5 տոկոսը: Այստեղ այդ արտադրանքի 86 տոկոսը ապահովել է հանքարդյունաբերությունը: Ապա էներգետիկան՝ 19,9 մլրդ. դրամով և սննդամթերքների արտադրությունը՝ 6,6 մլրդ. դրամով:

 


Վայոց ձորի մարզը իր 14,1 մլրդ. դրամ արտադրանքի ծավալով նույնպես փոքր նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար: Այստեղ առաջնային ճյուղը դա խմիչքների արտադրությունն է (հիմնականում հանքային ջրերի արտադրությունը և գինեգործութունը)' 7,4 մլրդ. դրամ ծավալով: Ապա էլեկտրականության արտադրությունը՝ 4,2 մլրդ. դրամ ծավալով և սննդամթերքների արտադրությունը՝ 1,9 մլրդ. դրամով:
Տավուշի մարզը իր 9,4 մլրդ դրամ արդյունաբերական արտադրանքի ծավալով ամենափոքր արդյունաբերական մասնաբաժին ունեցող մարզն է հանրապետությունում: Այդ ծավալը հիմնականում ապահովել է սննդամթերքների արդյունաբերության և էներգետիկայի հաշվին:

 


Ամփոփելով նշենք, որ հանրապետության այսպես կոչված «ամենաարդյունաբերական մարզերն» են՝ Սյունիքը, Լոռին, Արարատը և Կոտայքը, բնականաբար նաև Երևանը: Երևանը և այս 4 մարզերը միասին ապահովել են ամբողջ արդյունաբերական արտադրանքի մոտ 87 տոկոսը: Եվս 4 տոկոսը ապահովում է Արմավիրը, իսկ մնացած 9 տոկոսը՝ Գեղարքունիքը, Վայոց ձորը, Տավուշը, Շիրակը և Արագածոտնը միասին վերցրած:
Վերը նշվածներից կարելի է փաստել, որ «հանքարդյունաբերական մարզերն» են՝ Սյունիքը և Լոռին, իսկ որոշ վերապահումներով նաև Գեղարքունիքը, որտեղ հանքագործական արդյունաբերության ճյուղի արտադրանքի ծավալը ունի ամենամեծ տեսակարար կշիռը այդ մարզերի արդյունաբերական արտադրության ծավալում:
Հարկ է նշել նաև, որ «էներգետիկ մարզերն» են՝ Արմավիրը և Կոտայքի մարզերը, իսկ ծխախոտի արտադրությունը հանդիսանում է ամենառաջնային ճյուղը Արարատի մարզում, խմիչքների արտադրությունը' Վայոց ձորի մարզում: Սննդամթերքների արտադրությունը ամենամեծ տեսակարար կշիռ ունի՝ Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզերում:

 

Մարինա Ներսեսյան