Ռուս-թուրքական հակամարտությունից Հայաստանի օգուտների մասին չդադարող քննարկումների առումով հիշեցի ռուսական դիվանագիտության կնքահայր Գորչակովին: Նա ռուսական զորքերի կողմից Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը բացատրում էր հետևյալ կերպ'
Արևմտյան Հայաստանը Ռուսաստանին հետաքրքրում է տերությունների հետ բանակցությունների ժամանակ Բալկաններում Թուրքիայից զիջումների հասնելու համար (Խոսքը Բոսֆոր և Դարդանել նեղուցների մասին է, որն այն ժամանակ և այսօր էլ ունի ավելի առաջնային ռազմավարական նշանակություն, քան ամբողջ մեր ռեգիոնը):
Բառացի չեմ մեջբերել, բայց դա էր ասվածը:
Այդ մասին առաջին անգամ կարդացել եմ Ջոն Կիրակոսյանի գրքերից մեկում: Բացի դրանից' արևմտահայության վիճակի բարելավման խնդիրը (հողերը հանձնելու դիմաց) Սան Ստեֆանոյի պայմանագրում ռուսների կողմից ներառելը ուներ սոսկ մեկ պարզ նպատակ' միշտ Թուրքիայի ներքին գործերին խառնվելու իրավական հիմք ունենալ ու պարտադրել Թուրքիային այս կամ այն գործողությունը: (մոտավորապես այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին է նման: Ռուսներից հետո դա սկսեցին խաղարկել բրիտանացիները):
Այս ամենը արխիվային փաստաթղթերից է վերցված: Այնպես, որ եթե անգամ մի օր ռուսական զորքերը կրկին գրավեն Արևմտյան Հայաստանը, ապա ռուսական, ինչպես նաև անգլոսաքսոնական ավանդական դիվանագիտության համար դա ընդամենը գործոն է, զիջելու գործոն' Բալկաններում, Միջերկրական ծով տանող նեղուցների հարցը այս կամ այլ կերպ լուծելու համար:
Սա չեմ ասում այն տրամաբանության մեջ, որ մեզ միշտ օգտագործել են, եկեք լացենք: Սա չեմ ասում ոչ հակառուսական, ոչ էլ հակաարևմտյան տրամաբանության մեջ: Ոչ, ամենևին: Դա պատմական փաստ է: Դա քաղաքականություն է, շատ պարզ քաղաքականություն, որի միակ լավ դասը մեզ համար եղել է Բիսմարկի խոսքը' ուղղված հայ պատվիրակներին: Նա ասել էր, որ խորվաթների նման հաղթական զենքով եկեք, որ ձեր հարցը քննարկենք: Այ Բիսմարկի խոսքերն են կարևորը, որը կիրառվեց վերջապես Արցախյան պատերազմում:
P.S. Ոմանց իրական պատմությունն իմանալն իրոք չէր խանգարի դասեր քաղելու մասին դասեր տալուց առաջ:
Տիգրան Խաչատրյան