2015թ.-ը գլոբալ անվտանգության առումով լավագույն տարիներից չէր: Աշխարհում անկայունության աճը, պատերազմների քանակի և ցեղասպանությունների դեպքերի աճը, համաշխարհային մշակութային ժառանգության ոչնչացումը և միջազգային իրավունքի ինստիտուտի հեղինակազրկումը պայմաններ ստեղծեցին, որ գլոբալ անվտանգության հիմնահարցը առավել սուր դրվի աշխարհի առաջատար երկրների ու դաշինքների բանակցային սեղաններին: Այս տեսանկյունից, ինչպես ստանձնած գլոբալ պատասխանատվության, այնպես էլ տիրապետման տակ առկա ռազմաքաղաքական ներուժի առումով, ՆԱՏՕ-ն՝ որպես համաշխարհային ակտոր, 2016թ. հունվարի 28-ին ամփոփեց իր «քաղաքական» տարին՝ դրանով նաև ուրվագծելով 2016-ին որդեգրվելիք քաղաքական գերակայությունները: Այս առումով, հատկապես բավական ուշագրավ է դիտարկել ՆԱՏՕ-ի Գլխ.քարտուղար Յ.Ստոլտենբերգի 2015-ը ամփոփող զեկույցը:
Ուսումնասիրելով փաստաթուղթը, մենք կառանձնացնենք մի քանի կետեր ու դիրքորոշումներ, որոնք, մեր կարծիքով, առանցքային են դաշինքի՝ ինչպես որդեգրած քաղաքականության ընկալման, այնպես էլ 2016-ին դրա պրոյեկտումների առումով:

 


ՆԱՏՕ-ի Գլխ.քարտուղարը զեկույցում նշում է, որ. «2015թ-ը ցույց է տվել, թե եվրատլանտյան տարածաշրջանի ծայրամասային հատվածներում առկա անկայունությունը որքան բացասաբար է ազդում ՆԱՏՕ-ի անդամների ներքին անվտանգության վրա: Դրա վառ օրինակներն են ահաբեկչական ակտերը Ֆրանսիայում, փախստականների ճգնաժամը Եվրոպայում, ՌԴ-ի շարունակվող գործողությունները Ուկրաինայում, ինչպես նաև վերջինիս կողմից սեփական ռազմական ներուժի ավելացման միտումները Սիրիայում և միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածում»: Ըստ դաշինքի քաղաքականության ՆԱՏՕ-ի ֆունդամենտալ երեք խնդիրները՝ հավաքական պաշտպանությունը, ճգնաժամային կառավարումը և համագործակցության հիմքով անվտանգությունը շարունակում են մնալ նրա օրակարգի բացառիկ կարևոր հարցերը:

 


Զեկույցում նշվում է, որ. «2015թ-ին դաշինքի անդամ-երկրներում տեղի ունեցան ռազմական ծախսերի կրճատման կտրուկ նվազում, որը, թերևս, ամենից մեծն էր, սկսած 20-րդ դարի 90-ականների սկզբից: ՆԱՏՕ-ն ավելացրեց իր ներկայությունը դաշինքի արևելյալ հատվածում, ինչպես նաև Թուրքիայի օդային տարածքում հեռահար տեղորոշման հերթապահություն սահմանվեց ԱՎԱԿՍ ինքնաթիռների ներգրավմամբ: Մոտ 3 անգամ ավելացան ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի քանակը, այն 13 հազարից հասցնելով 40 հազարի: Արևելյան գործընկերների տարածքներում ստեղծեցին 8 նոր շտաբեր, որոնք տեղերում նպատակ են ունենալու ռազմական պատրաստվածության ու արձագանքման կոնկրետ խնդիրներ լուծել: Հիբրիդային պատերազմի պայմաններում դաշնակիցները արդիականացնում են իրենց հետախուզական ծառայությունները, որոշումների ընդունման գործընթացը և ամրապնդում կիբերանվատնգությունը»:

 


Ըստ Գլխավոր քարտուղարի. «Ռուսաատանը մեր խոշորագույն հարևանն է: Մեզ պետք է նրա հետ ունենալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման ու ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների միջև հակասությույն առկա չէ, ավելին՝ իրականում միայն ուժեղ լինելով է, որ մենք կարող ենք համագործակցության արդյունավետ հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ:…..Սակայն ՌԴ-ի քաղաքականությունը չի նպաստում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրա պատճառները տարբեր են, սակայն մենք կնշենք մի քանիսը: ՌԴ-ն 2015-ին շարունակեց իրականացնել ագրեսիվ ու անկանխատեսելի ռազմական քաղաքականություն: Շարունակելով Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի տարածների բռնազավթումը՝ նա ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում, սակայն ոչ թե Իսլամական պետության դեմ ձևավորված Գլոբալ կոալիցիայի ներքո, այլ աջակցելով Ասադի վարչակազմին: 2015թ. ի հայտ եկան լրջագույն ռիսկեր կապված նրա կողմից միջազգային նորմերի ու գործելաոճերի անտեսման հետ, որի արդյունքում Թուրքիայի օդային տարածքի խախատումը հանգեցրեց ռուսական ինքնաթիռի ոչնչացմանը:

 


Դուրս գալով ԵՎՍԶԿՄ պայմանագրից՝ ՌԴ-ն ռազմական իր ներուժի ու ռազմական վարժանքների քանակը ավելացրել է սառըտպատերազմյան ժամանակահատվածում առկա ծավալների աստիճան: Վերջին երեք տարիների ընթացքում ՌԴ-ն մեծացրել է իր զորավարժությունների քանակը՝ հասցնելով այն առնվազն 18-ի, որոնց մասնակցել են մոտ 100 հազար զինվոր: Հատկանշանակ է, որ այս զորավարժությունները ներառում էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ միջուկային պատերազմի սիմուլյացիոն սցենարների գործարկում, որը օբյեկտիվորեն նպաստում է փոխադարձ լարվածության աճին ու վստահության նվազմանը»:
Նշենք նաև, որ ըստ զեկույցի «Ռազմական ներուժի ավելացման ներքո 2014-15թթ-ին ՌԴ-ն ավելացրել է նաև ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքի մշտադիտարկումը, որը, ի համեմատություն 2013թ., ավելացել է 70%-ով: 2015թ-ին ՆԱՏՕ-ի դաշնակիցների ինքնաթիռներն առնվազն 400 անգամ օդ են բարձրացել որսալու ռուսական օդանավերին»:

 


Գլխավոր Քարտուղար Յ.Ստոլտենբերգը զեկույցում փաստում է, որ «ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը, որոնք համալրված են բոլոր տիպի ու տեսակի անհրաժեշտ զինտեխնիկայով ու ենթակառուցվածքային միջոցներով, բավարար զինուժով՝ ցամաքային օդային, ծովային ու հատուկ նշանակության ստորաբաժանումներով, ՆԱՏՕ-ի խորհրդի որոշման պարագայում ունակ են լուծել իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Սակայն նոր վտանգների ու դրանց դինամիկ փոփոխությունը ենթադրում է անընդհատ ու ինտենսիվ բարեփոխումներ և համալրումներ հատկապես կապված դաշինքի անդամ երկրների ֆինանսական ներարկումների մասով:……Դաշնակիցների հետ համաձայնության ներքո անդամ երկներից յուրաքանչյուրը դաշինքի անվտանգային կարիքներին պետք է ուղղի իր ՀՆԱ-ի 2%-ը, որի առնվազն 20%-ը պետք է ուղղվի կարևորագույն զինատեսակների ձեռքբերմանն ու արդիկանացմանը: Այս հարցում իրական առաջընթաց գրանցվել է 2015թ. Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Սակայն նման հարցը օրակարգային է մինչ օրս, քանզի ՆԱՏՕ-ն այլևս ունակ չէ փոքր միջոցներով մեծ խնդիրներ լուծել:
Ի դեպ նշենք, որ 2015թ-ին ՆԱՏՕ-ն անցկացրել է 99 զորավարժություն, մինչդեռ դաշնակիցների անվտանգության աստիճանը բարձրացնելու նպատակով պլանավորված էր անդամ-երկրներում առնվազն 198 զորավարժության իրականացնել: Այս համատեքսում, ըստ Ստոլտենբերգի, առանցքային է դաշինքի անդամ Թուրքիայի և անվտանգության ապահովման ու դաշինքի գործընկեր Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացման օրակարգերը: Փաստ է, որ երկու երկրների դեպքում էլ որպես վտանգի ուղղակի կամ անուղղակի աղբյուր դիտվում է ՌԴ-ն:

 


Ամփոփելով զեկույցը՝ նշենք, որ փաստորեն ՆԱՏՕ-ն իր ողջ ուժով ու հանձնառությամբ «վերադառնում» է 1949թ.-ին կնքված Վաշինգտոնի պայմանագրի դրույթներին, որոնցով իր հիմնական սպառնալիք շարունակում է դիտվել ՌԴ-ն (այն տարիներին ԽՍՀՄ-ը): Անցնելով փոխակերպման, քաղաքական բարեփոխման ու ռազմական ծախսերի կրճատման մի բավական երկար ու բարդ գործընթաց, որի արդյունքում ՆԱՏՕ-ն ունեցավ անդամների ու գլոբալ ազդեցության էական աճ, նա այսօր «վերադառնում» է դասական ռազմաքաղաքական դաշինքի իր հանձնառությանը, որը մի կողմից սրում է գլոբալ անվտանգության միտումները, մյուս կողմից՝ անվտանգության որոշակի տեսանելի երաշխիքներ սահմանում դաշնակից երկրների համար:

 

 

Ալեն Ղևոնդյան