ՌԴ խորհրդարանում ակտիվ քննարկումներ են սկսվել 1921թ. ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը վերանայելու և չեղյալ հայտարարելու հնարավորության վերաբերյալ: Ռուսները խոսում են, թե պետք է չեղարկել բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք վտանգում են ՌԴ և նրա դաշնակիցների շահերը (այստեղ ռուսներն առաջին հերթին դիպչում են հայերիս ազգային էմոցիաների լարերին): Այդ համատեքստում Ռուսաստանի ԶՈՒ հարավային օկրուգում (որի մեջ մտնում են նաև Գյումրիի 102-րդ ռազմակայանը և Էրեբունու ռազմական օդանավակայանը) անակնկալ մարտական ստուգումներ են անցկացվում:
Հայաստանի քաղաքական միտքը միանգամից հրճվանքի մեջ է ընկել՝ պատկերացնելով, թե վաղը չէ մյուս օրը ռուսները կփակեն թուրքերի հետ բոլոր հարցերը, կհատեն սահմանն ու Արարատ լեռը կվերադարձնեն հայերիս:
1. Նախ՝ սա քաղաքագիտական վերլուծություն չէ լոկ նրա համար, որ ռուսները գոնե հիմա չեն հրաժարվի Մոսկվայի նման միջազգային պայմանագրերից: Դա ոչ միայն փաստացի, այլև դե-յուրե կնշանակի պատերազմ հայտարարել մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը չի հրաժարվի թուրքերից:
2. Թուրքիան ինքը ամեն ինչ անում է ռուսների հետ հակամարտությունը հեռվից հայհոյելու վիճակից այն կողմ չանցնի: Էրդողանը կգնա այնքան, մինչև Ռուբիկոնն անցնելու պահը գա, հենց այդ ժամանակ Դավութօղլուի գործոնը կաշխատի, և Թուրքիան կփոխի կեցվածքը:
3. Եվ ամենակարևորը՝ միամտություն է պատերազմ սպասել մի տարածաշրջանում, որը և’ ռուսական, և’ թուրքական ռազմավարական շահերի համար լինել-չլինելու հարց է: Երկու պետություններից ոչ ոք չի գնա վա-բանկ, նրանք դեռ համագործակցելու շատ տեղեր ունեն, և առաջիկայում անպայման կհաշտվեն, հետևաբար մեր բազմաթիվ քաղաքագետների և պարզապես ընթերցողներին առաջարկում եմ շատ չոգևորվել:
Սցենարը մոտավորապես կլինի այսպես. սահմանին մարտական պատրաստականության կամ կործանիչներ թռցնելու՝ մկանների ցուցադրումից հետո ռուսներն ու թուրքերը կանցնեն բանակցային փուլի: Սիրիայում ռուսները ժամանակավորապես կհրաժարվեն քրդերին աջակցելուց, թուրքերին հնարավորություն կտան ժամանակավորապես ջարդեն քրդերի սիրիական ողնաշարը, իսկ այդ ընթացքում միջազգային կոալիցիան «նոր հաջողություններ» կգրանցի ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Իմ կարծիքով, այս սցենարը կգործի առաջիկա 2 ամսվա ընթացքում, և բոլորը որոշ ժամանակով կլինեն գոհ ու երջանիկ՝ մոռանալով և Արարատ լեռը հայերիս վերադարձնելու, և Մոսկվայի պայմանագրի մասին:
Նաիրի Հոխիկյան