Քանի որ իրանական «Մեհր» լրատվական գործակալության՝ Իրանից Հայաստան գազի արտահանման մասին նյութը, որտեղ մեջբերվել է Իրանի գազարտահանման ընկերության գործադիր տնօրեն Ալի-Ռեզա Քամելիի հայտարարությունն առ այն, որ «Հայաստան արտահանվող իրանական գազի ծավալները կարող են հինգ անգամ ավելանալ», լուրջ լրատվական ակտիվություն է առաջացրել նաև մեր ԶԼՄ-ների դաշտում, կարիք կա հստակեցնելու, որ հենց նույն պաշտոնյայի խոսքերով՝ դա արվելու է, երբ ավարտին հասնի Հայաստան-Իրան բարձրավոլտ լարման 400 կիլովատ հզորությամբ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:
Ի նկատի առնելով, ասենք այսպես, իրանցիների բանակցային գործելաոճի առանձնահատկությունները, նման հայտարարությունը փաստորեն Թեհրանից եկող հստակ ուղերձ է՝ արձանագրելու, որ նաև նշված ոլորտում էլ հայկական ուղղությունը չի կորցրել իր արդիականությունը պատժամիջոցներից դուրս եկող Իրանի համար, և այն պատրաստ է երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի բարտերային փոխանակման մասին գործող պայմանավորվածությունների իրականացման հաջորդ փուլին, որի ընթացքում Հայաստան մտնող իրանական գազի ծավալները մոտ երկու տարի անց կհասնեն 5 միլիոն խորանարդ մետրի՝ զգալիորեն ավելացնելով նաև Հայաստանից դեպի այս երկիր արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները:
Վարդան Ոսկանյան