19-րդ դարավերջի այս հազվագյուտ լուսանկարներում պատկերված են Վանա լճի Լիմ կղզու վրա գտնվող վանքային համալիրը և նրա միաբանները: Լիմը Վանա լճի կղզիներից ամենամեծն է հանդիսանում և իր մշակութային հարուստ պատմությամբ չի զիջում Աղթամարին:

 


Լիմ կղզին գտնվում է Վանա լճի հյուսիս-արևելքում՝ ափից մոտ 1 կմ հեռավորության վրա: Երկարությունը 2 կմ է, լայնությունը՝ 0,5 կմ: Վաղ ժամանակներում միացած է եղել ցամաքին, որից անջատվել է ջրի մակարդակի բարձրացման հետևանքով: Ըստ ավանդության՝ Լիմի անապատը 4-րդ դարի սկզբին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: 14-րդ դարի սկզբին այստեղ գործել են Ս.Աստվածածին, Ս.Կարապետ և Ս.Գևորգ եկեղեցիները: Լիմի անապատը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ 1622-ին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով, կառուցել հավելյալ շինություններ և հիմնադրել բարձրագույն դպրոց, որը գոյատևել է մինչև 19-րդ դարը: Հայտնի է, որ Լիմի վանական դպրոցում է ուսանել նաև ապագա Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը:

 


Լիմում 13-րդ դարից սկսած գործել է գրչության կենտրոն, որտեղ գրվել և նկարազարդվել են հարյուրավոր ձեռագրեր։ 13-14-րդ դարերից մեզ է հասել մոտ մեկ տասնյակ ձեռագիր՝ ընդօրինակված Մովսես, Խաչատուր, Աբրահամ և Մանվել գրիչների ձեռքով։ 15-րդ դարի կեսին Լիմում են աշխատել Իգնատիոս, Հովհաննես Մանկասարենց գրիչները և ծաղկող Մինասը: 17-րդ դարում Լիմ անապատի բարձրագույն դպրոցի գործունեության ժամանակ ուսումնասիրվել են նաև աշխարհիկ գիտություններ, գրվել են թվաբանության, աստղաբաշխության, բժշկության վերաբերյալ աշխատություններ։ Լիմը մշտապես հարուստ մատենադարան է ունեցել' 1693 թ. այստեղ կար 3124 գիրք, 19-րդ դարի վերջին՝ 550 ձեռագիր, մոտ 3 հազար տպագիր գիրք, որոնց մի մասն է միայն փրկվել։

 



Ռուբեն Շուխյան