Մեր կրթական համակարգում, թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն, շատ է զգացվում սովորողների մոտ տրամաբանական մտածողության պակասը: Տրամաբանությունն առհասարակ գիտության հիմքն է, և չի կարող լինել որևէ բնագավառում լուրջ, խոր մասնագիտացում առանց տրամաբանության իմացության:
Եվ, զարմանալիորեն, «Տրամաբանություն» առարկան չի դասավանդվում Հայաստանի շատ բուհերի շատ ֆակուլտետներում: Այսինքն, ուսանողների մեծ մասը Հայաստանում ավարտում է բուհը՝ առանց առհասարակ առնչվելու գիտական մտածողության այդ հիմքի հետ: Լավ է, չէ՞:

 


Աբսուրդի շարքից է նաև այն, որ մեր երկրում ֆակուլտետի ղեկավարությունն է որոշում, թե իրենց ուսանողներն անցնե՞ն տրամաբանություն, թե ոչ: Նույնը, եթե ճիշտ գիտեմ, դպրոցներում է. դպրոցի ղեկավարությունն է որոշում՝ աշակերտներն անցնե՞ն տրամաբանություն, թե այդպես էլ մնան անտեղյակ դրանից:
Մինչդեռ «Տրամաբանությունը» պետք է պարտադիր դասավանդվեր բոլոր դպրոցներում և բոլոր բուհերում (մարզական և արվեստի այս կամ այն ճյուղում մասնագիտություն տվող հաստատություններից բացի, ենթադրենք), որպեսզի մենք հետագայում ունենանք մի քիչ ավելի շատ տրամաբանորեն մտածող մարդկանցից բաղկացած հանրություն: Թե չէ անտրամաբանական մտքերի քանակն արդեն վտանգավոր է դառնում մեր երկրում մարդկանց հոգեկան առողջության համար:

 


Հ.Գ. Լինում են գերազանց գնահատականներ ունեցող ուսանողներ, ովքեր մի քիչ վատ հանձնելով վերջին քննությունը, դասախոսին դիմում են այսպիսի խնդրանքով. «Բոլոր քննությունները գերազանց եմ ստացել, դուք էլ կնշանակե՞ք գերազանց»: Երբ հարցնում ես այդ ուսանողին, թե արդյո՞ք նա կհամաձայնվեր գերազանց պատասխանելու դեպքում ստանար «բավարար» գնահատական, եթե մյուս բոլոր գնահատականները լինեին «բավարար», նա ասում է. «Իհարկե ոչ, եթե գերազանց պատասխանել եմ, ինչու՞ պետք է ուրիշ գնահատական ստանամ», և այդ պահին միայն հասկանում է, թե սկզբում ասածն ինչքան անտրամաբանական էր:

 

Մովսես Դեմիրճյան