Ձմռան ամիսներին գազապառողների շրջանում դժգոհություններն ավելանում են: Չկարողանալով վճարել գազի սպառման արդյունքում առաջացած պարտքերը' բնակիչները երբեմն ստիպված են լինում անցնել ջեռուցման այլ տարբերակների: Սա էլ իր հերթին հանգեցնում է գազի ծավալների կրճատման:
ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով՝ «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում: Գազի սակագնի վերաբերյալ վարչապետը խոսել է Կառավարության նիստի ընթացքում:
Վարչապետն ասել է, թե շահագրգռված են, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր, սակայն, նշել է, որ տնտեսության ու բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գործադիրի ղեկավարը կարծիք է հայտնել, թե «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե «Գազպրոմ» ընկերության, թե ՌԴ համար հստակ կդառնա բանակցային առաջարկի փոխշահավետ լինելը:
Մինչ այս ՀՀ կառավարությունները դիմել են ՌԴ իշխանություններին՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման հարցով: ՌԴ-ից դեռևս պատասխն չակ, գոնե պաշտոնապես որևէ հայտարարություն չի եղել: Մի բան պարզ է՝ այս հարցում գլխավորը սպառողի շահն է և գազի սակագնի նվազեցում իսկապես անհրաժեշտություն է հայ սպառողի համար:
Կարեն Մկոյան