ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
… Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը' ամենաբութը, կրկնում ենք հավիտյան. աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում' աղերսելով…
Զգայուն ժողովուրդ ենք. եթե չենք գտնում,- իսկ մենք չենք գտնում երբեք,- խոր հիասթափություն ենք ապրում, անհարկի ցնցումներ…
Չենք տեսնում, որ արդարությունն ու հաղթանակները քայլում են նրանց հետ, ովքեր ազգը միացնող միտք ունեն, պետականության ձգտում…
Քանի՞ դար կարելի է, ժողովրդի ասած' նստել թախտին, սպասել բախտին…
Եվ չսրբանանք: Աստված հեռու պահի, մենք մեզ չսրբացնենք, թե չէ կդառնանք մատաղացու ոչխար. պատմությունը վկա: Միլիոն ու կես միանգամից, անպայքար զոհ տալուց հետո չարժե հոխորտալ. , չարժե. դեռ մեր հողում թաղված ու չթաղված մեռելների ոսկորներն է տրորում նվաճողը:
Մեր մեղավորությունը ինքներս մեզնից չպարտակենք, պարտությունները տղամարդավարի ընդունենք, ԱԶԱՏԻ պես մտածենք, թող կարգավորվի, առողջանա մեր հոգու աշխարհը, մեր պատմության առաջ ապաշխարենք ազգովին, թողություն հայցենք մեր Աստծուց' մեր թերությունների, մեր դեմ իսկ գործած մեղքերի համար…
Սիրարփի Մարգարյան