ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Արարատյան հայրապետական թեմը բուն Բարեկենդանի տոնին ընդառաջ առաջին անգամ համատեղ կազմակերպում են մարզական միջոցառումներ՝ սուսերամարտ, ազգային կոխ ըմբշամարտ, աթլետիկա և ըմբշամարտ մարզաձևերից: Այս մասին հայտնում նախարարության լրատվական ծառայությունից:

 


Բարեկենդան, բառացի՝ բարի կենդանություն, ուրախություն: Եկեղեցին այդ օրը քահանայական դասին և հավատացյալ ժողովրդին արտոնում է ճոխ սեղան և զվարթություն:
Մարզական միջոցառումները մեկնարկել են երեկ՝ փետրվարի 2-ին, Երևանի սուսերամարտի մարզադպրոցում, որտեղ ուժերն են չափել մարզաձևի կրտսեր սերնդի ներկայացուցիչները:
Այսօր՝ փետրվարի 3-ին կանցկացվեն ազգային կոխ ըմբշամարտի (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),վաղը՝ փետրվարի 4-ին՝ աթլետիկայի (Աթլետիկայի փակ մարզահամալիր), իսկ փետրվարի 5-ին՝ հունա-հռոմեական ըմբշամարտի (Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) մրցումները:
«Միջոցառումների նպատակն է է՛լ ավելի խորացնել ու ամրացնել երիտասարդների մեջ հոգևորի ու ֆիզիկականի կապը և ևս մեկ անգամ հիշեցնել «Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսի կարևորությունը»,- խոսելով Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ կազմակերպված միջոցառումների մասին՝ նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

 


Նշենք, որ Բարեկենդանի տոնին նվիրված մարզական միջոցառումներից հետո՝ փետրվարի 7-ին, մեկնարկելու են մշակութային միջոցառումները՝ երիտասարդների դիմակներով շքերթ, ուտեստների ցուցադրություն, Սբ. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես-վաճառք, թատերական ինտերակտիվ ներկայացումներ, ազգային խաղեր, մրցումներ, երգ ու պար:


Արամ Ուգուջյան