Երջանկությունն այն վիճակն է,որին ձգտում է յուրաքանչյուրս:Այլ հարց է,որ յուրաքանչյուրս յուրովի է այն պատկերացնում ու տեսնում. մեկի համար դա հաջող ընտանիքն է, մյուսի համար՝ մասնագիտական հաջողությունները,երրորդի համար՝ նյութական ապահովվածությունը:
Բայց կա մի սխալ համոզմունք,թե իբր երջանկությունը դժվար հասանելի է:Չգիտես ինչու,սովոր ենք մտածել,որ այն, ինչ հեշտ է տրվում,արժեք չունի:Չենք հավատում այն երջանկությանը,որն իրեն-իրեն մեր ձեռքն է ընկնում:Ստացվում է՝ փոխանակ վայելենք մեզ տրվածը,սկսում ենք ինքներս մեզ համար դժվարություններ ու տառապանքներ ստեղծել,հետո հերոսաբար հաղթահարել դրանք և նոր միայն մեզ երջանիկ զգալ:

 


Սահմանեք ձեր երջանկության չափորոշիչները.
Երջանիկ լինելը նույնպես նպատակ է,իսկ նպատակին հասնելու համար պետք է այն պատկերացնել:Կարգավորեք ձեր մտքերը,փորձեք հասկանալ՝ ինչն է կյանքում ձեզ հաճույք պարգևում:Կազմեք այն ամենի ցուցակը,ինչը ձեզ հաճելի է,և առանց ինչի ձեր առօրյան հաստատ ավելի մոխրագույն կլիներ,քան հիմա է:Դա կարող է լինել հարևանների հետ սրճելը,ընկերուհիների հետ քաղաքում զբոսնելը,գնումներ անելը: Անգամ հլու-հնազանդ հայ կինը կարող է ժամանակ առ ժամանակ իրեն նման շռայլություն թույլ տալ և հաշվի առնել նախ և առաջ սեփական ցանկությունները:
Հիմք ընդունեք այն,ինչ կարող եք անել.
Երջանկությունը պետք է հենվի «կարող եմ» և «ուզում եմ» արտահայտությունների համադրության վրա:Ուզելն այս դեպքում քիչ է,այն դեռ պետք է իրականացնել,հակառակ դեպքում՝ այդ երջանկությունը կմնա օդից կախված,որը մի օր ուղղակի կանհետանա՝ թողնելով հիասթափության տհաճ զգացում:Հիշեք,որ ձեր ցուցակում պետք է լինի այն,ինչ ինքներդ կարող եք անել և մեծ հաշվով դա ուրիշներից կախված չէ:

 


Ընդունեք ձեզ այնպիսին,ինչպիսին կաք.
Երջանկությունը սկսվում է սեփական անձի հետ համերաշխությունից:Անկախ ամեն ինչից,յուրաքանչյուր մարդ ունի և՛ արժանիքներ,և՛ թերություններ:Սկսեք ճանաչել ձեր արժանիքները և վերափոխել թերությունները:
Կարճ ուղի.
Թերևս ամենակարճ ուղին,որ տանում է դեպի երջանկություն,մեկ ուրիշին երջանկացնելն է:Ժպիտ և ուրախություն պարգևեք դիմացինին և անգամ անծանոթին:Իսկ երբ ստանաք պատասխան ժպիտ,ձեր կյանքին կավելանա ևս մի քանի «գրամ» երջանկություն:
Ապրեք ներկայով.
Երջանիկ լինել պետք է այսօր,հենց հիմա և ոչ թե երեկ կամ վաղը:Եթե օրվա ընթացքում ուշադրություն դարձնեք,կնկատեք,որ անընդհատ մտածում եք այն մասին,ինչ կատարվել է երեկ,կամ ինչ պատրաստվում եք անել վաղը ,ու չեք էլ նկատում,որ այդպես բաց եք թողնում ներկան:
Մի մոռացեք տրամադրության մասին.
Լավ տրամադրությունը երջանկության բջիջն է:
Սկսեք երաժշտությունից.
Անկասկած ունեք սիրած երաժշտություն կամ երգ,որը ստիպում է կիսաձայն կամ գուցե բարձրաձայն նա-նա-նա անել:Գիտնականներն ապացուցել են,որ 10 րոպե երգեցողությունը զգալիորեն նվազեցնում է սթրեսի հորմոնները:

 


Կերեք մի կտոր լավ տրամադրություն.
Շոկոլադ,մեղր,ընկույզ,խաղող կամ կծու-թթու ինչ-որ բան:Իսկ մրգերն ու բանջարեղենը սոսկ վիտամինի աղբյուր չեն,հիշեք գունաթերապիայի մասին:Կարմիրը տրամադրություն է բարձրացնում,նարնջագույնը կենսուրախություն է հաղորդում,դեղինը պայքարում է ծուլության դեմ:
Հիշեք հաճելին.
Տխուր մտքերից ոչ մեկս ապահովագրված չենք,կարևորը դրանց մեջ չսուզվելն է:Եթե ինչ-որ բան այն չէ,նեղված կամ թևաթափ եք եղել,շեղեք ձեր մտքերի ընթացքը,հիշեք հաճելի ակնթարթները,այդպիսիք հաստատ կլինեն:Եթե այնուամենայնիվ դժվարանում եք հիշել,բացեք ընտանեկան ալբոմը...
Հնարավոր է՝ այս պահին ձեր կյանքում ամեն ինչ խճճված է,իսկ խնդիրների կույտը օր օրի մեծանում է:Հնարավոր է՝ չկա այն մեկը,ով ի վիճակի է սփոփելու:Եվ հնարավոր է՝ ուզում եք բղավել՝ այլևս չեմ դի-մա-նում:Հավատացեք՝ երջանկությունն ամենևին այն չէ,երբ խնդիրներ չկան:Երջանիկ ես նաև,երբ անհաջողություններն ընդունում ես ոչ թե որպես խոչընդոտ,այլ ավելիին հասնելու միջոց:

Թարգմանեց՝ Սիրարփի Մարգարյանը: