ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր էլի կխոսեմ քաղաքակիրթ պետությանը հարիր արժեքների ու կանոնների մասին, որովհետև ես հավատում եմ, որ բացի օրենքներ գրելու մենք նաև ժամանակի պահանջներին հարիր վարքականոններին պետք է տիրապետենք, եթե ուզում ենք նորմալ երկիր ու հասարակական հարաբերություններ ունենալ: Իմ հորդորը առաջին հայացքից պարզ է, բայց մենք լավ գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք այդ պարզության ընկալման հարցում: Իսկ հորդորս շատ կարճ է՝ մի՛ արհամարհեք լրագրողներին ու լրագրողի աշխատանքը:

 


Լրագրողը նման է բժշկի: Մարդուս առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է ու արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար։ Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման։ Սակայն համաձայնվեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները:
Լրագրողի աշխատանքը նման է և ոստիկանի ծառայությանը: Ոստիկանն իր ծառայության բերումով կոչված է բախվելու մարդու իրավունքների ու հասարակության անվտանգության խախտումներին ու առաջինը միջամտելու՝ փորձելով ծառայել հասարակությանն ու պաշտպան մարդուն։ Լրագրողն էլ իր հակասություններով լի աշխատանքային գործունեության մեջ չի կարող բավարարել յուրաքանչյուրին, այլ կոչված է պաշտպանել թույլին՝ ուժեղից, շատերին՝ մեկ-երկուսից։

 


Լրագրողը մեր հասարակության բարոյականության հայելին է ու հավաքարարը։ Ու ամեն անգամ հայելուց մեզ նայող ծուռ պատկերի մեջ հայելուն մեղադրելուց առաջ հիշենք, որ պատկերը մերն է, հայելունը չի։
Հարգանքո՛վ վերաբերվենք լրագրողներին: Մեր համբերատար պատասխաններով ներկայացնենք մեր տեսլականը, մեր կարծիքը, մեր զգացմունքներն ու ընկալումները: Գիտակցենք, որ «ծակոց» հարցերը նպաստելու են մեր երկրի խոցերի Ճիշտ
ախտորոշմանը, ու ճիշտ զարգացումներ ուրվագծելուն: Չէ՞ որ հաճախ կարող ենք մեր ընկալմամբ «սխալ հարցին» անգամ ճիշտ պատասխանել:
Մենք ծափահարում ենք թարգմանիչներին որևէ միջոցառման ավարտին, քանի որ նրանք են, որ օգնեցին մեզ հասկանալ միմյանց, մեր մտքերը հաղորդել մյուսներին: Թարգմանության սխալի դեպքում անգամ խնդրում ենք ուղղել սխալն ու վերջում կրկին ծափահարում ենք: Սովորե՛նք ծափահարել նաև մեր հասարակությանը մեր մտքերը հաղորդողներին։ Ողջունե՛նք ու գնահատե՛նք լրագրողների ջանքերը, հարգելի գործընկերներ։
Հարգե՛նք միմյանց։

 

 

Թևան Պողոսյան