Դեպի ճշմարտություն, դեպի Աստված տանող ճանապարհը տանում է ոչ թե դեպի ետ, այլ առաջ…Դեպի առաջ, բայց նաև դեպի զարմանալիորեն ավելի մեծ մեղքը կամ ավելի խոր մարդկայնացումը: Առանց մեղքի իմ կարծիքով սրբագործվել, մաքրվել էլ չկա…Դա կյանքն է…
Այդպիսին է կյանքը ու դու չես կարող խուսափել կայացման, մաքրման, մարդացման երկարատև, դժվարին ու տաժանակիր ճանապարհից: Դու ուղակի ստիպված ես անցնել այն՝ տառապել, պայքարել, վայելել, ամեն կերպ բարդացնել քո բարդությունը, բայց բարդացնելով փորձել նաև պարզեցնել՝ ինքնամաքրվելով, կայանալով, տառապելով, տառապեցնելով…
Աշխարհդ նեղացնելու փոխարեն, հոգիդ պարզեցնելու փոխարեն դու բնականաբար ստիպված ես լինում այն տանջալիորեն ավելի լայնացնել, ավելի ու ավելի բացահայտել այն ողջ աշխարհի համար և ապա փորձել նրա մեջ առնել ողջ աշխարհը, որպեսզի օրերից մի օր գուցե հասնես ավարտին և անդորրին…
Կամ չհասնես…
Բայց ձգտես հասնել…Եթե պետք լինի, պետք է կարողանաս գոնե մեկ հոգու երջանկացնես, զարդարես նրա մենակությունը, բռնես նրան հենց նույնիսկ դժոխքի դարպասների առաջ և վերադարձնես կյանք: Վերադարձնես նրա կորցրած հույսն ու կարողանաս դեպի Աստված տանող ճանապարհը ցույց տաս…Եթե պետք լինի նաև ուղեկցես…
Գնաս դեպի բարձրագույն իմաստություն, բայց ապրելով լիարժեք…Ապրել ակնթարթով, ապրել ներկայով, մտերմորեն-սիրալիր գնահատել ճանապարհիդ ամեն ինչ՝ յուրաքանչյուր ծաղիկ, զվարթության, երջանկության նվազագույն հնարավորություն իսկ, որ դրված է ակնթարթի մեջ, որն հանդիպում է քեզ քո ճանապարհին, որը քոնն է, քո ճանապարհը, քո ուղին ու քո խաչը…
Ռոբերտ Մելքոնյան