Օրերս ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր նախորդ տարվա արդյունաբերական կազմակերպությունների հունվար-դեկտեմբերի հիմնական ցուցանիշները ըստ տնտեսական գործունեության և բնեղեն արտահայտությամբ: Ըստ հրապարակված տվյալների' 2015 թվականի ամբողջ արդյունաբերության աճը կազմել է 5,2 տոկոս, որտեղ համադրելի գներով արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 352 միլիարդ դրամ:
Ըստ վերը նշված տվյալների' հանքագործական արդյունաբերությունը ունեցել է 50,4 տոկոս աճ: Հանքագործական արդյունաբերության կառուցվածքում հիմնական արտադրանքը՝ մոտ 98%-ը ապահովել է մետաղագործական հանքաքարի արդյունահանումը, որն էլ հիմնականում ապահովել է այդ աճը:
Մշակող արդյունաբերությունը ունեցել է 5,6 տոկոս անկում: Իսկ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը ունեցել է 6,7 տոկոս աճ, որտեղ արտադրվել է 238,8 մլրդ. դրամի արտադրանք: Այստեղ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 130 մլրդ. դրամը և գրանցել է 7,5 տոկոս անկում, որտեղ ջերմաէլեկտրակայաններում այն նվազել է 15 տոկոսով, իսկ միջուկային կայանում այն աճել է 1,7 տոկոս, ինչպես նաև հիդրոէլեկտրակայաններում աճել է 13,4 տոկոսով: Միաժամանակ էլեկտրաէներգիայի բաշխումը աճել է 57,7 տոկոս և դրա ծավալը կազմել է 58,1 մլրդ. դրամ:
Հարկ է նշել, որ մշակող արդյունաբերության ճյուղերից մեծ աճ են ապահովել ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 49,1 տոկոս, հագուստի արտադրությունը՝ 16,8 տոկոս, թղթի արտադրությունը՝ 17,2 տոկոս, դեղագործական արտադրությունը՝ 25,1 տոկոս, քիմիական արտադրատեսակներրի արտադրությունը՝ 10,3 տոկոս, կահույքի արտադրությունը՝ 41 տոկոս:
Ինչ վերաբերվում է սննդամթերքի արտադրությունը, ապա այն գրանցել է 9 տոկոս անկում: Անկում են գրանցել նաև խմիչքների արտադրությունը՝ 19,7 տոկոս, հիմնային մետաղների արտադրությունը՝ 15 տոկոս, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը՝ 16,2 տոկոս, պատրաստե մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝ 24,6 տոկոս:
Վերը նշված տվյալները վկայում են այն մասին, որ նախորդ տարվա տնտեսական աճին հիմնականում նպաստել են հանքագործական արդյունաբերությունը՝ հիմնականում ֆիզիկական ծավալների մեծ աճի շնորհիվ, ինչպես նաև ծխախոտի արտադրատեսակների արտադրությունը և էլեկտրաէներգիայի բաշխումը: Իսկ զսպող նշանակություն է ունեցել հիմնականում մշակող ճյուղը, մասնավորապես՝ սննդամթերքի, խմիչքների և հիմնային մետաղների արտադրությունը, որոնք ունեցել են մեծ անկում:
Տնտեսական անկյուն