Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսության զարգացման ու մշակվող տարածքների ավելացման գործում մեծ ազդեցություն ունի ոռոգման ջրի առկայությունը: Հատկանշական է, որ այս տարում հանրապետությունում իրականացվելու են աշխատանքներ՝ ուղղված ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմանը, ջրի կորուստների կրճատմանը, Արմավիր և Մեծամոր քաղաքների համար կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, ջրամատակարարման և
ջրահեռացման ոլորտներում շուրջ 300 կմ ջրագերի և կոյուղագծերի վերանորոգմանն ու կառուցման աշախատանքների իրականացմանը:
Հարկ է նշել նաև, որ կառավարությունը նախատեսում է 2016 թվականին վերակագնել Արփա-Սևան թունելի առանձին վթարված հատվածները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հրապարակման համաձայն՝ գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավմամբ, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովմամբ, կայուն և հուսալի ջրամատակարարումով, ջրի կորուստների կրճատումով, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմամբ, նոր վարկային ծրագրերի ներգրավման շուրջ բանակցությունների վարումով:
Վերը նշած խնդրի լուծման դեպքում ակնկալվում են ջրամատակարար կազմակերպությունների կողմից սպասարկվող տարածքներում հուսալի և անվտանգ խմելու ջրի մատակարարման հասանելիության ապահովում, բնակավայրերի ջրամատակարարման ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում։ Գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կիրականացվեն մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման կոյուղաջրերի մաքրման կայանների շինարարական աշխատանքներ։ «ԱրփաՍևան» թունելների վերականգնման վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գետերից Սևանա լճի մակարդակի բարձրացման և բնապահպանական կայունության պահպանման նպատակով Սևանա լիճ ջուր տեղափոխող ԱրփաՍևան հիդրոհամակարգային թունելի որոշ հատվածների վերականգնումը, վերանորոգումը և շինարարությունը։
Հատկանշական է, որ 2015 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր «ԱրփաՍևան» թունել՝ տեղում ծանոթացել թունելի վիճակին և վերականգնման աշխատանքներին ընթացքին:
ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և ԱբուԴաբիի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ 2010-2017 թթ. իրականացվում է «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիր, որի նպատակն է՝ ապահովել ԱրփաՍևան ջրատարի թունելների կայունությունը և անվտանգությունը ջրատարի ուղեծրի ողջ երկարությամբ:
Հիշյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է թունելի՝ տեխնիկական վիճակից կախված թողունակությունը 13.5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 20 մ³/վրկ, որը հնարավորություն կտա տարեկան Սևանա լիճ տեղափոխել շուրջ 270 մլն մ³ ջրաքանակ:
Արմեն Վարդանյան