Այն զգացողությունն ունեմ, որ խաղաղ կարգավորման գործընթացը, որն այժմ, պատկերավոր ասած, միացված է արհեստական շնչառության ապարատին և դեպքից դեպք կենդանության նշաններ է սկսում ցույց տալ միայն միջնորդների համառ ջանքերի շնորհիվ, կարող է աշխուժանալ նոր մոտեցումների ի հայտ գալու պարագայում:

 

Այս առումով գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների ուղղվածությունը և ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող հակասությունների խորացումը ավելի հավանական է, որ կնպաստեն առկա ստատուս քվոյի խախտմանը քան ընդհակառակը և պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պարտավոր են լրջորեն հաշվարկել իրենց քայլերն այս անդադար ու արագ փոփոխվող արտաքին քաղաքական, ռազմական ու տնտեսական միջավայրում' գոնե եղած դիրքերը պահպանելու համար: Պարոնայք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությունն ԱՄՆ-ում կազմակերպվելիք Միջուկային անվտանգության հարցերին նվիրված գագաթաժողովի աշխատանքներին իսկապես կարող է ամերիկյան կողմին հնարավորություն ընձեռել նաև իրենց դեմ առ դեմ հանդիպումը կազմակերպելու համար:

 

Կարծում եմ, որ բանակցային գործընթացն առաջ մղելու լավ խթան կարող է դառնալ նաև նրանց համատեղ զրույցն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, եթե, իհարկե, վերջինս դրա համար կարողանա ժամանակ հատկացնել: Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ թե ՀՀ և ԱՀ փաստացի ղեկավարների առանձնազրույցը, թե նրանց հնարավոր համատեղ հանդիպումը պարոն Օբամայի հետ արդյունավետ կարող են լինել այն դեպքում, եթե Մինսկի խմբի համանախագահությունը կամ էլ միջնորդ պետություններից որևէ մեկն առանձին, նպատակահարմար կգտնի հենց այդ օրերին նոր գաղափարների առաջարկով հակամարտության բոլոր երեք կողմերին խաղաղության փնտրտուքի լրացուցիչ ուղիներ որոնելու հեռանկար բացել:

 

Արման Մելիքյան