Ես դեմ եմ Հայաստանում մշակույթի ոլորտում իրականացվող քաղաքականությունը եվրոպական երկրների մշակութային քաղաքականության նման իրականացնելուն
Մի պարզ պատճառով. եվրոպական երկրները հիմնականում ազգային չեն ո՛չ իրենց առջև կանգնած խնդիրների, ո՛չ բնակչության էթնիկ կազմի, ո՛չ մշակութային ժառանգության առումներով: Մենք՝ ուղիղ հակառակը, ազգային ենք բոլոր այդ իմաստներով: Իսկ ազգայինը, նախևառաջ, մշակութային է: Չկա մշակույթ՝ չի լինի ազգ, քանի որ ազգը գենետիկ երևույթ չէ, այլ՝ մշակութային: Ինչպես մարդ լինելու համար մարդ ծնվելը քիչ է, այնպես էլ հայ լինելու համար հայ ծնողներ ունենալը քիչ է:
Ո՛չ լեզուն, ո՛չ անցյալը, ո՛չ բարոյական պատկերացումները մենք չենք ստանում գեներով, դրանք մեզ են հասնում մշակույթի միջոցով, ինչի արդյունքում էլ մենք մեզ հայ ենք համարում:

 


Եվրոպական երկրները ստիպված և նպատակային գնացել են մշակույթի հարցում ապազգայնացման, քանի որ նպատակ ունեին ողջ Եվրոպայում ստեղծել ապրելու միասնական, ընդհանուր միջավայր, որտեղ բացառված կլինեն պատերազմները: Այդ ճանապարհին ազգային (ինչպես նաև կրոնական, սեռային, ռասայական) պատկանելիությունը դիտվեց որպես երկրորդային մարդու համար, իսկ առաջնային դարձան սոցիալական երևույթները՝ քաղաքականություն, տնտեսություն և այլն:
Մենք չունենք հարևանների հետ մշակութային ընդհանրություն ստեղծելու խնդիր, որում մեր և իրենց ազգայինը պետք կլիներ դնել մի կողմ, մենք չունենք նաև եվրոպացիների հետ մշակութային ընդհանրություն ստեղծելու անհրաժեշտություն, որովհետև հարևան չենք իրար: Մենք ունենք ազգայինի գոյության և զարգացման երկու հիմքերը՝ մշակույթը և պետությունը, պահպանելու և զարգացնելու: Պետությունն այլ կերպ է զարգացվում, ազգային մշակույթը՝ այլ կերպ:

 

Եթե մեր պետությունը կարող է գնալ և գնում է եվրոպական պետության մոդելով, ապա մշակույթը չպետք է գնա այդ ճանապարհով, այն պետք է գնա ազգային մշակույթի տարածման, վերարժևորման, վերաիմաստավորման և դրանով հանդերձ՝ արդիականացման ճանապարհով: Այն պարզ պատճառով, որ հայաստանյան իրականությունը՝ հարաբերությունները, խնդիրները, բարոյական պատկերացումները, դեռ ազգային են: Մենք դեռ չունենք այն կայացած պետությունը, որ այդ ամենը իդեալական կազմակերպի, և հանրային հարաբերությունների միակ կարգավորիչը մնում է մշակույթը, որը մեր պարագայում ազգային մշակույթն է:
Մշակույթի նախարարությունը, ի դեպ, շատ բան ճիշտ անում է՝ մշակութային քաղաքականության հենց եվրոպական հայեցակարգի շրջանակներում (Թանգարանների գիշեր, ցուցադրություններ և այլ նախաձեռնություններ): Բայց այդ ամենը մեր ազգային մշակույթի զարգացմանը ինչքանո՞վ է նպաստում:

 

Մովսես Դեմիրճյան