Ծնողների ուրախությունները ծածուկ են այնպես, ինչպես նրանց դառնությունները և վախերը. նրանք չեն կարողանում բացահայտ դրսևորել առաջինները և չեն ցանկանում հայտնաբերել երկրորդները: Երեխաները հոգսերը դարձնում են ավելի հաճելի, իսկ դժբախտությունները, ընդհակառակը, ավելի դառն. նրանք ավելացնում են կյանքի դժվարությունները, բայց և մեղմացնում մահվան մասին խորհրդածությունը: Տեսակի շարունակումը հատուկ է բոլոր կենդանիներին, իսկ հիշողության, արժանիքների և ազնվաբարո գործերի պահպանումը բնորոշ է միայն մարդուն:

 

Չէ՞ որ, անշուշտ, յուրաքանչյուրին պետք է հայտնի լինի, որ ամենաազնվաբարո գործերն ու նախաձեռնությունները ծագում են այն մարդկանցից, ովքեր երեխա չունեն, և ձգտում են սերունդներին իրենց ոգու պատկերները թողնել, քանի որ արդեն չի հաջողվել իրենց մարմնի նկարագրերը նրանց թողնել. այնպես որ սերնդի հոգսն ավելի ուժեղ է նրանց մոտ, ովքեր ժառանգ չունեն: Նրանք, ովքեր առաջինն են հռչակավոր դարձնում իրենց տոհմը, ավելի ներողամտորեն են վերաբերվում իրենց զավակներին՝ համարելով նրանց ոչ միայն իրենց տոհմի, այլ նաև իրենց գործի շարունակությունը, այսինքն' ոչ միայն երեխաներ, այլ նաև ստեղծագործություններ:

 


Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ, եթե նրանք մի քանիսն են, շատ դեպքերում միանման չէ, իսկ երբեմն ծնողները, հատկապես' մայրը, սիրում են նաև անարժաններին: Սողոմոնը մի անգամ ասել է. «Խելացի որդին ուրախացնում է հորը, իսկ հիմարը' վշտացնում մորը»: Երեխաներով լի տանը կարելի է տեսնել, որ ավագներից մեկին կամ երկուսին հարգում են, իսկ ամենափոքրերին' երես տալիս, սակայն ամենալավ մարդիկ հաճախ ձևավորվում են հենց միջնեկներից, որոնց կարծես թե մոռանում են: Երեխա պահելիս ծնողների ժլատությունը վնասակար սխալ է. այն երեխաներին անազնիվ է դարձնում, մղում խորամանկությունների, ստիպում ընկնել վատ շրջապատ և հարկադրում ավելի շատ տրվել շռայլության, երբ հարստանում են: Եվ դրա համար էլ լավագույն արդյունքը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ծնողներն ավելի շատ մտածում են երեխաների մոտ իրենց հեղինակության, քան քսակի մասին:

 


Մարդիկ (ծնողներ, դպրոցի ուսուցիչներ և ծառաներ) մանկության տարիներին եղբայրների միջև մրցակցություն առաջացնելու և դրան աջակցելու հիմար սովորություն ունեն, իսկ դա բազմիցս հանգեցրել է վեճերի, երբ նրանք չափահաս են դարձել, և խախտել ընտանիքների անդորրը: Իտալացիները համարյա տարբերություն չեն դնում իրենց երեխաների և եղբոր ու քրոջ որդիների կամ մյուս արյունակից հարազատների միջև. նրանց համար միևնույն է՝ նրանք իր սեփական մարմնի արգասիքն են, թե ոչ, քանզի պատկանում են նույն տոհմին:

 


Եվ եթե ճիշտն ասենք, բնության մեջ էլ շատ նման բան է կատարվում, ընդ որում այն աստիճանի, որ երբեմն, պատահում է, տեսնում ենք երեխայի, ով ավելի նման է քեռուն կամ այլ հարազատի, քան իր ծնողին: Թող ծնողները կանխապես ընտրեն զբաղմունք և կարիերա, որոնց, իրենց կարծիքով, պետք է նվիրվեն երեխաները, քանի որ այդ ժամանակ նրանք ավելի ենթարկվող են, և թող ծնողները շատ չղեկավարվեն իրենց երեխաների հակումներով՝ համարելով, որ նրանք ավելի լավ կկապվեն այն բանին, ինչին ավելի շատ են տրամադրված: Ճիշտ է, եթե երեխաները դրսևորում են ինչ-որ բացառիկ ձիրքեր կամ ընդունակություններ, ապա ճիշտ կլինի չընդդիմախոսել նրանց, բայց սովորաբար լավ է հետևյալ պատվիրանը' Optimum elige, suave et facile illud faciet consuetude» («Ընտրիր լավագույնը, իսկ սովորությունը այն հաճելի և թեթև կդարձնի»): Կրտսեր եղբայրները սովորաբար ավելի հաջողակ են, բայց հազվադեպ կամ երբեք այնտեղ, որտեղ ավագ եղբայրները զրկված են ժառանգությունից:


Ֆրենսիս Բեկոն

 

Սիրարփի Մարգարյան