Վահան Չերազ' Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրը... Վահան Չերազը (1886-1927), որը արևտահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր եւ գրող Մինաս Չերազի եղբորորդին էր, ծնվել է Կոնստանտինոպոլսում, սովորել Պոլսի և Փարիզի ուսումնական հաստատություններում:
Նա հայկական սպորտի հիմնադիրներից մեկն է համարվում, ինչպես նաև' Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիրը: Վահան Չերազի և նրա համախոհների ջանքերով էր, որ դեռևս 1908 թ. Պոլսում ստեղծվեց հանրահայտ «Տորք» հայկական մարզական ակումբը, որտեղ նա ֆուտբոլի թիմի առաջատար խաղացողն էր: Նշենք, որ 1912-ին «Տորք» մարզական ակումբը Պոլսում կազմակերպում էր արդեն լողի, թենիսի ու հեծանվավազքի մրցումներ:
1914 թ., երբ սկսվում է 1-ին աշխարհամարտը, Վահան Չերազը մեկնում է Թիֆլիս, ընդգրկվում Զորավար Անդրանիկի կամավորական ջոկատում և նրա հրամանատարությամբ մասնակցում տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններին ընդհուպ մինչև 1919-ը: Անդրանիկի ջոկատի կազմալուծումից հետո Չերազը մեկնում է Պոլիս, ապա Հայաստանի կառավարության, մասնավորապես Կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով 1920 թ. նա նորից վերադառնում է Հայաստան' ձևավորելու համար նոր ստեղծվող հայկական սպորտը և սկաուտական շարժումը: Հայաստանի խորհրդայնացումից հետո, չնայած սպառնացող վտանգին, Չերազը մնում է Հայաստանում, իսկ 1921-ին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը:
Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ)' զբաղվում է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր: 1924-ին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ: 1927-ին Վահան Չերազը կրկին ձերբակալվում է նույն անհեթեթ' «անգլո-ամերիկյան լրտես» մեղադրանքով և մեկ տարի անց գնդակահարվում:
Ռուբեն Շուխյան