Բանակի կազմավորման տարիներից սկսած, ամեն տարվա հունվարի 28 բոլորիս կողմից հնչեցրած բարեմաղթանքերը, ցանկությունները, հաջորդ տարիների ընթացքում ակնհայտորեն դարձել են իրողություն և տվել իր շոշոափելի արդյունքները: 24 տարեկան մեր բանակը կարող ենք համարել կայացած: Նա այլ ճար չուներ, քան հստակ քայլերով առաջ ընթանալը, քանի որ մեծ էր նրա առջև դրված պատասխանատվությունը: Շատ բան է փոխվել մեր բանակում: Այն դարձել է և շարունակում է դառնալ համաժողովրդական: Մեծ է սերը բանակի, զինծառայողի հանդեպ: Հասարակությունը բանակի համար դարձել է ապահով մի հենարան այն գիտակցումով, որ ամուր և մարտական բանակի թիկունքում կանգնած է միասնական, համախմբված հասարակություն: Թերևս մեր օրերում միակ համախմբող ուժը բանակն է: Ամեն զիվորի համար մի ողջ ազգ է աղոթում և անհամաբեր սպասում նրա վերադարձին, ամեն կորստի հետ մի ողջ ազգ է սգում ու որբանում:

 

Կարող ենք նկատել, որ տարվա ամեն օրն է հունվարի 28-ի վերածվել: Այսօր մեր բանակը բաց է հասարակության համար, խնդիրները տեսանելի են, որոնք լուծվում են համընդհանուր քննարկումների արդյունքում: Այսօրվա երիտասարդը գիտակցորեն և մեծ նվիրումով է զորակոչվում բանակ: Չենք կարող չնկատել, որ մեր բանակը դարձել է էլ ավելի կարգապահ, տեսական գիտելիքներով հարուստ և հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին, իսկ ամենակարևոր սկզբունքը նրա համար մեկն է՝ անխախտ պահել հայրենիքի սահմանները: Ինչ խոսք կան խնդիրներ: Նման մեծ սոցիալական օղակում, ինչպիսին բանակն է՝ խնդիրները անխուսափելի են, բայց կարևորն այն է, որ այդ խնդիրները բարձրաձայնվում են:
Բանակիս կազմավորման օրվանից մի բան սակայն նրանում նույնն է մնացել՝ մարտական ու հաղթական ոգին:

 

Մանե Ավագյան