Սիրելի Հայոց փառապանծ Բանակի քաջարի Զինվոր,
Հայոց Բանակի ծննդյան տոնի առթիվ հոգու բերկրանքով ու խնդությամբ Մեր սիրառատ օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ քաջարի Մեր Զինվորներին ու Զորավարներին և համայն Մեր Ժողովրդին:
Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց Բանակը, որը ծնունդ առավ Հայրենյաց պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ և աճեց ու ամրապնդվեց դյուցազուն Սասունցի Դավթի նման՝ օր օրի և ժամ առ ժամ:

 

Հայոց Բանակը մարմնավորում է Մեր Ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը ,որը պատվարն ու ապավենն է հայրենի Մեր Երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի: Փա´ռք և գոհություն Աստծուն, որ Մեր Բանակը իր ծննդյան փառապանծ տոնը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ու արի ոգով, նաև՝ ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժոդովրդի հոգում: Հայոց Բանակի տոնի կապակցությամբ Մեր գնահատանքն ենք բերում Հայոց Բանակի կազմավորման և զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող Մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր Զորաց և Զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց Բանակի:

 

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հայրենիքը, Մեր ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի և արգասավորի մեր ջանքերը ի սեր Մեր Երկրի, լուսավոր գալիքի և հույսերի: Թո´ղ Տերը Երկնային խաղաղության մեջ հանգիստ պարգևի մարտերում մարտիրոսացած Մեր զավակներին և Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի Մեր Բանակի Զորավարներին ու Մարտիկներին՝ արի ոգով և հաղթական բազուկով: Թո´ղ Մեր կյանքում միշտ շողա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը:

 

Սիրելի Զինվոր,
Հայոց Բանակի տոնի կապակցությամբ մաղթում ենք Ձեզ արևշատություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր ծառայողական հայրենանվեր գործունեության մեջ.... հանուն Հայաստան եւ Արցախ աշխարհի խաղաղության, պայծառության և բարգավաճման:

 


ՀԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝
ՑԱՄԱՔԱԲԵՐԴԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ
ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ ՏԵՐ ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԵՐԻՑՅԱՆ