Տեղեկատվական առաջին պատերազմի ու ռազմական քարոզչության առաջին դրսևորումներն ընդունված է կապել Ղրիմի կամ Արևելյան պատերազմի (1853-1856թթ.) և բրիտանացի լուսանկարիչ Ֆենթոն Ռոջերի հետ։
Ֆենթոն Ռոջերը համարվում է ռազմական լուսանկարչության հիմնադիրներից մեկը։ Արևելյան պատերզմի ընթացքում՝ 1855թ., բրիտանական կառավարության ուղղորդմամբ, Ռոջերը մեկնում է Ղրիմ՝ պատերազմի ընթացքը լուսանկարելու համար։ Մեկ ամիս տևած ճանապարհը հաղթահարելուց հետո լուսանկարիչը հասնում է ռազմաճակատ, որտեղ անց է կացնում 3 ամիս և լուսանկարում շուրջ 350 կադր։
Բրիտանական հասարակության վերահսկելիությունը ապահովելու, ժողովրդի շրջանում խուճապային տրամադրություններ չտարածելու համար, բրիտանական կառավարության հորդորներով, Ռոջերը խուսափում է ֆիքսել պատերազմն իր ամբողջ դաժանությամբ՝ սովը, վիրավորներին, ցուրտը, հիվանդությունները և այլն։ Հենց այս հանգամանքով պայմանավորված՝ Բրիտանիայում Ղրիմի պատերազմը հիշատակվում է նաև «Ջենթլմենական վերջին պատերազմը» անունով։
Ռոջերը լուսանկարչությամբ տարվել էր պատահականորեն՝ Արևելյան պատերազմի նախօրյակին։ Տարված լինելով նկարչությամբ՝ 1851թ. Ռոջերը հայտնվում է լոնդոնյան այգիներից մեկում, որտեղ լուսնկարչական ինչ-որ ցուցահադեսի օրեր էին։ Ապագա լուսանկարչի ճակատագիրը, կարծես, վճռվում է. 1852թ. բրիտանացիների դատին է հանձնում իր առաջին լուսանկարները, որոնք արվել էին Կիևում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Նույն թվականին, արքայազն Ալբերտի հովանավորությամբ, դառնում է Թագավորական լուսանկարչական ընկերության քարտուղարը։
Հատկապես հետաքրքիր է եղել նրա ճամփորդությունը Ղրիմ։ Ողջ պատերազմի ընթացքում լուսանկարիչը իր երեք օգնականների հետ շրջել է գինու տեղափոխման համար նախատեսված փայտե կառքով, որի մեջ պահել է լուսանկարչության համար անհրաժեշտ բոլոր պարագաները (5 լուսանկարչական սարք, լուսանկարչական 700 ապակի, քիմիական տարատեսակ նյութեր և այլն)։ Զինվորներից ոմանք տեսնելով լուսանկարչական պարագաներով բեռնված շարժական ֆոտոլաբորատորիան՝ երբեմն զգուշացել են՝ կարծելով, որ իրենց տեսածը զենքի նոր տեսակ է։
Հայկ Դարբինյան