«Ինչու սահմանի վրա չեն զոհվում հարուստների երեխաները» հարցը հուզում է շատերին։ Ոմանք փորձում են պատասխանել այս հարցին, ոմանք էլ տականքավարի շահարկում են այս հարցը, իսկ ես ուզում եմ նախ հասկանանք հարցադրումը, հետո այդ հարցադրման վրա ազդող գործոնները։
Նախ, սկսենք նրանից, որ ապուշ հարցադրում է ու առնվազն ոչ կոռեկտ։ Ինձ համար հավասարապես ցավալի կլինի դիրքապահ զինվորի մահը՝ անկախ նրա սոցիալական կարգավիճակից։ Ի՞նչ է, մարդը կրակն է՞ ընկել, որ ինքը բարեկեցիկ ընտանիքից է։
Երկրորդը, ի՞նչ է ասել հարուստ ու ինչ է ասել անապահով։ Ասենք ինչ թվային սանդղակից սկսած է որոշվում այս կամ այն զինծառայողի հարուստ կամ աղքքատ լինելը։ Տարեկան 10,000 դոլար ընտանեկան բյուջե ունեցող ընտանիքը հարո՞ւստ է, թե՞ ասենք 1 միլիոն դոլար ունեցողն է հարուստ։ Երկրորդ, արդյո՞ք նման պնդումներ անողները արել են զոհվողների մոնիտորինգ ու պարզել են, որ ԲՈԼՈՐԸ անապահով ընտանիքներից են։ Ու կրկին անգամ, ի՞նչ է ասել անապահով, դա ի՞նչ թվային արտահայտում ունի։
Անձամբ ես եթե սառը գլխով եմ դատում, ապա պատկերը տեսնում եմ հետևյալ կեր․
1․ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հարուստ չէ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, ազգաբնակչության 40 տոկոսն ապրում է աղքատության շեմիվ այս կողմ։ Երևի մի էդ քան էլ ապրում է հենց աղքատության շեմին։ Կա մի 10-15 տոկոս իբր միջին խավ, որը ոչ հարուստ է, ոչ էլ աղքատ։ Ու կա առավելագույնը մի 5 տոկոս, որը հարուստ ու մեծահարուստ է։ Մի կողմ դնենք պատճառները հարստության նման բաշխման ու ընդունենք, որ բաժանումն այսպիսին է․ 40%-40%-15%-5%: Նշանակում է, որ նույնիսկ ամենաիդեալական ու արդար զորակոչի դեպքում, զորակոչվողների առավելագույնը 5 տոկոսը կարող է լինել հարուստի երեխա, այսինքն՝ 20-ից մեկը։ Հիմա նույնիսկ ամենապարզ հավանականության տեսությունով, կարելի է հաշվել, որ բնականաբար, հարուստի երեխեն ավելի քիչ հավանականությամբ կլինի զոհովողների մեջ, քաննի որ շատ ավելի քիչ պատահույթներ են հնարավոր 5 տոկոսի պարագայում, քան 80+15 տոկոսի պարագայում։
2․ Մենք գիտենք, որ մեր մոտ ոչինչ իդեալական չի ու թեև դրական տեղաշարժեր զորակոչի ու զինծառայողների բաշխման հարցում անկասկած գրանցել ենք վերջին տարիներին, չի կարելի ասել, որ բոլոր հարուստների բոլոր զորակոչային տարիքի տղաները գնում են բանակ։ Ոմանք գնում են արտասահամն սովորելու ու հետ չեն գալիս։ Ոմանք պարզապես կամիստավատ են լինում։ Ոմանք օբյեկտիվորեն խնդիրներ են ունենում ու ազատվում են ծառայությունից։ Այսինքն, վվերոնշյալ 5 տոկոսն էլ չի կազմվում ու ընդհանուր թվի մեջ, հարուստների երեխաների տեսակարար կշիռը էլ ավելի քիչ է։
3․ Անգամ նրանք, ովքեր զորակոչվում են բանակ, դեռ չի նշանակում, որ անպայմանորեն դիրքեր են պահելու։ Անգամ եթե ենթադրենք, որ վիճակագրությամբ նրանք ընկնում են սահմանապահ զորամաս, դա դեռ չի նշանակում, որ անպայման դիրքապահ ծառայություն են իրականացնելու։ Նույնիսկ առանց որևէ կոռուպցիոոն մեխանիզմների ու միջամտությունների, այդ չարաբաստիկ հարուստ երեխան, կարող է հայտնվել զորամասի հրետանային, զրահատանկային, ՀՕՊ և այլ միավորումներում, որոնք ապրիորի առաջին գիծ չեն պահում։ Սրան գումարեք նաև այն, որ այնուամենայնիվ պետք է լինենք ռեալիստ ու հասկանանք, որ առնավազն որոշ դեպքերում՝ ԽԾԲ-ով ու գումարով այնպես են անում, որ նրանք հենց այդպիսի ստորաբաժանումում էլ հայտնվեն։ Սա էլ ավելի քչացրեց ընդհանուր տեսակարար կշիռը։
Հիմա միավորելով էս բոլոր մոտավոր ցուցանիշները, կարծում եմ հասկանում ենք, որ մի շարք խիստ օբյեկտիվ, ինչպես նաև սուբյեկտիվ գործոնների պատճառով, մեր բանակում հարուստենրի երեխաների թիվը չի կարող գերազանցել (ենթադրաբար) 1 տոկոսը։ Կրկնում եմ՝ խիստ օբյեկտիվ հանգամանքներով էլ, սուբյեկտիվներով էլ։ Ու կա հավանակնության տեսություն, որով 100-ից 1-ը հանդիսացող զինվորը բնականաբար 99 անգամ ավելի փոքր հավականանությամբ կդառնա թշնամու գնդակի զոհ։
Հուսով եմ այսքան ծամած-պարզեցված բացատրությունից հետո, գոնե այսքանն ընթերցողների համար, էլ ակտուալ չի լինի այն հիմար հարցը, թե ինչու հարուստների երեխաները չեն զոհվում դիրքերում։
Կոնստանտին Տեր-Նակալյան