Հունվարի 27-ն աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ արեց հարգել Հոլոքոստի զոհերի հիշատակը: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ազատագրվեց ամենամեծ մահվան ճամբարը' Օսվենցիմը:
«Գետտոյի և նացիստական ճամբարների մահվան միջով անցած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների հաջողվեց ապրել: Նրանցից յուրաքանչյուրը մեզ կարևորագույն միտք է փոխանցել մարդկային ոգու մասին»,-ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:
Ֆաշիստական Գերմանիան ցեղասպան պետություն էր։ Պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։
Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։
Օսմանյան կայսրության կատարած հայերի ցեղասպանության հետ մեկտեղ այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակնեից մեկը: Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։
Անի Ասլանյան