Մեզանից բացի որևէ մեկը շահագրգիռ չի, որ մենք լինենք ուժեղ ու մրցունակ
Տարիներ շարունակ ռեգիոնում գտնվում ենք բարդ վիճակում՝ շրջափակման և գործնականում պատերազմի մեջ ենք: Մինչ օրս ունենք աղետի գոտի ասածը, մինչ օրս ունենք հազար ու մի այլ խնդիր: Դրանց մի մասը հնարավոր էր դեռ վաղուց լուծել, սակայն ինչ-ինչ պատճառով դեռ չեն լուծվել: Ու խնդիրը միայն իշխանության մեջ չի: Խնդիրը մեր մեջ է, մեր բյուրոկրատիայի մի շարք օղակների, մեր քաղաքական ու կենցաղային մշակույթի մեջ է: Ամեն լուծելի խնդիր ջանք ու միտք է պահանջում, ժամանակ ու ամենակարևորը՝ կամք ու ցանկություն:
Լինելով «արև»-ի երկիրը՝ Հայաստանը մինչ օրս որևէ գործնական/տեսանելի քայլեր չի ձեռնարկել արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Մենք կախված ենք ուրիշի գազից, ուրիշի գազային քաղաքականությունից, նրա «տրանզիտային» տրամադրությունից: Ավելին՝ երբեմն տպավորություն է, թե մեզ մոտ կան կոնկրետ խոչընդոտներ, որ այդ ոլորտը չզարգանա: Պետք է հասկանալ, որ արդի աշխաարհում էներգետիկ կախվածությունը ինչ-որ կետից հետո վերածվում է նաև քաղաքական կախվածության: Մենք գազ ենք ստանում ՌԴ-ից, որը անցնում է Վրաստանով: Այս հանգամանքը երկուսի համար էլ «լծակ» է, որ անհրաժեշտ իրավիճակում կիրառելի է: Սա Վրաստանի կամ ՌԴ-ի ոչ բարիդրացիական քաղաքականության դրսևորում չէ: Հակառակը՝ քաղաքականության մեջ ընդունելի ու ռացիոնալ գործելաոճ է: Եթե մենք լինեինք իրենց կարգավիճակում, վստահ եմ, նույն կերպ էինք վարվելու: Այստեղ հարցը այն է, թե ունենալով այդ «ազդեցությունները» նվազեցնելու հնարավորություն, ինչու մենք ոչինչ չենք անում այդ ուղղությամբ:
Տարիներ շարունակ ՀՀ-ն փորձում է դեմոկրատ երկիր դառնալ: Երբեմն «ստացվում» է, երբեմն՝ ոչ: Այս ընթացնում ամեն անգամ տարբեր կազմակերպություններից, երկրներից ստանում ենք քննադատողական կարծիքներ: Ամեն պետական հանդիպման, ասուլիսի ժամանակ մեզ հիշեցնում են, որ մենք բավարար դեմոկրատ չենք: Դա մեր նկատմամբ որպես լծակ է օգտագործվում ամեն հարցում՝ սկսած ԼՂ խնդրից, վերջացրած տնտեսական ներդրումների ոլորտ:
Միաժամանակ մեր հարևան Ադրբեջանը դեմոկրատացման բոլոր ցուցիչներով գտնվում է դեմոկրատիայի հատակում, սակայն տարիներ շարունակ հայտնի «նավթային» գործոնի ու քաղաքական շահերի ներքո օրինակ՝ Արևմուտքի կողմից գործնականում չի արժանացել բավարար սուր քննադատության: Մինչդեռ մենք որոշակի պարբերականությամբ երբեմն «թյուրիմացաբար» հայտնվում էինք Արևմուտքի տարբեր ցուցակներում (ահաբեկչության, տրաֆիկինգ և այլն ): Միայն այսօր իրավիճակային փոփոխության գործոնի ներքո վերաբերմունքը Բաքվի նկատմամբ փոփոխվել է:
Վերջիվերջո պետք է հասկանալ, որ մենք դեմոկրատ պետք է լինենք մեզ համար: Դա արդյունավետ կառավարման ձև է: Պատերազմի ժամանակ դրված իշխանության ձևավորման քաղաքական ավանդույթները միշտ չէ, որ ունակ են արդարացնել իրենց տնտեսական աճի ու աղքատության վերացման գործում: Իսկ վերջիններս այսօր իշխանության նկատմամբ հանրային դժգոհության հիմնական ոլորտներն են:
Մեր թույլ ու խոցելի կողմերի զորու, հաճախ մեզ վերաբերվում են այնքանով, որքանով: Փաստ է, որ մենք մեր թերացումներով, մեր կոռուպցիայով, մեր երկրում առկա վիճակի վերաբերյալ ոչ անկեղծությամբ ենք թույլ տվել այդ ամենը: Մեր ներքին խոցելիությունը հնարավորություն է տալիսի հարակից պետություններին մեր մասով «պլաններ» կազմել ու փորձել դրանք իրագործել: Արդյունքում մենք ջանք ու ռեսուրս ենք ծախսում, որ դրան հակադարձենք:
Իրական քաղաքականության պայմաններում պետությունն ամեն ջանք գործադրում է իր շահերը, իր նպատակները իրագործել: Կիրառելի միջոցների հարցում պետությունները մեծ խտրականություն չեն դնում: Ռուսները, Եվրոպան, ԱՄՆ-ը ռեգիոնում իրենց շահերն են ապահովում: Եթե, ասենք, ռուսները մեզ շատ մեծ արտոնյալ պայմաններով զենք են «վաճառում», ապա դա անում են իրենց ինչ-ինչ անվտանգային շահերից ելնելով: Ոչ ավելին:
Գերտերությունների շահերի ներքո մենք երբեմն զարգանալու ռեալ հնարավորություններ ենք ստանում: Սակայն կարողանում ենք արդյո՞ք դրանցից օգտվել: Ունենալով կոռուպցիոն ռիսկեր, աճող աղքատություն, տնտեսության լրջագույն խնդիրներ, վերացող միջին խավ, միաժամանակ կայուն արտագաղթ ու տնտեսական ներդումների ոչ բարենպաստ միջավայր՝ մենք որևէ ցուցիչով գործնականում չենք կարողանում տեսանելի առաջընթաց արձանագրել: Ի դեպ, այս ամենի պատճառ միջազգային տնտեսական ճգնաժամը չէ, ինչը հաճախ ներկայացվում է, այլ մենք ինքներս՝ քաղաքացուց սկսած մինչև բոլոր քաղաքական ուժեր:
Սոցիալ-տնտեսական թերացումները ու սոցիալական արդարության պակասը հանգեցրել են այնպիսի բարոյահոգեբանական միջավայրի, երբ աղբամանը ուտելիք փնտրելու համար քանդող մարդիկ այլևս սովորական են (ի դեպ մենք նրանց սկսում ենք այլևս չնկատել ու պետք չի «փաստարկել» թե ողջ աշխարհում է այդպես): Երբ «նորմալ» է, որ քո երկրի չինովնիկը ջանք չի խնայում հիմանավորելու, թե ինչու աղքատության շեմը հատած իր քաղաքացին պետք է հերթական անգամ հավելյալ կոմունալ վճար կատարի ուրիշ երկրի մասնավոր ձեռնարկության շահույթը ապահովելու համար: Երբ նորմալ է, որ շատ երիտասարդներ այս կամ այն ձև, ընկած գումար են հայթայթում հերթական անապահով ընտանքին օգնելու համար, այն դեպքում երբ որոշ «պատկան գերատեսչությունների» ներկայացուցչական ծախսերը միլիոնների են հասնում:
Այս ամենը չեմ գրում, որ ընդդիմադիր հայացքի տեր մարդիկ չարախնդան կամ «ոգևորվեն»: Մյուս կողմից, որ դիմադիրները փորձեն հակադարձել: Երկիրը բոլորինս է, ուստի խնդիրները բոլորինս են: Ինչպես դիմադիրները, այնպես էլ ընդդիմադիրները նույնքան մեղավոր են ձևավորված իրավիճակում: Խնդիրը սակայն արդեն այլ հարթությունում է: Առկա վիճակը վերածվել է երկրի ազգային անվտանգության ռեալ սպառնալիք/վտանգի, որը թերևս օպերատիվ լուծման կարիք ու կամք է պահանջում:
Կարող է գալ «X» ժամը և միգուցե արդեն ուշ կլինի: Պարզ է, որ մենք էլի մեր հողը կպահենք, մենք էլի չենք թողնի, որ Երևանը, Գյումրին, Ստեփանակերտը կամ Շուշին ուրիշինը դառնա, ուղղակի գինը կլինի շատ ավելի մեծ, անասելի մեծ... Մտածել է պետք ու կամք դրսևորել, քանզի կարծես ժամանակ այևս չունենք:
Ալեն Ղևոնդյան