Վանի հայկական ինքնիշխան ոստիկանական կառույցը... Վանի հերոսամարտի հաղթական ավարտից հետո (1915 մայիսի 6-ը, հին տոմարով), երբ թուրքական կանոնավոր զորքերն ու քրդական հրոսակները պարտված հեռացան՝ Վան մտան հայ կամավորական ջոկատներն ու ռուսական զորախումբը: Վանը փաստացի հռչակվում է հայկական ինքնավար նահանգապետություն, որի ղեկավար է նշանակվում Արամ Մանուկյանը: Նահանգում սկսվում է զուտ հայկական գործադիր իշխանության ձևավորման արագ գործընթացը: Ուշագրավ մի նկատառում՝ Վանում շրջանառվող բոլոր պաշտոնական փաստաթղթերի գրագրությունն իրականացվում էր բացառապես հայերեն լեզվով: Սա կարևոր իրողություն է և ցույց է տալիս, որ Վանի նահանգապետության ղեկավարությունը ի սկզբանե փաստացի լիակատար անկախ է եղել ռուսական ռազմական ներկայությունից:

 

 

Գործադիր այլ կառույցների հետ մեկտեղ՝ ստեղծվում է նաև Վանի ոստիկանությունը, որի ղեկավար է նշանակվում Արմենակ Եկարյանը (մինչ այդ նա Վանի ինքնապաշտպանության զինվորական մարմնի ղեկավարն էր): Սկսվում է Վանի ինքնիշխան ոստիկանության կազմավորման կանոնակարգված գործընթացը: Վան քաղաքը բաժանվում է ոստիկանական 5 տեղամասերի, յուրաքանչյուրում նշանակվում է շրջանապետ (կոմիսար), նույնը՝ ողջ նահանգում: Կարճ ժամանակահատվածում կառույցի ղեկավարները մշակում են ոստիկանական ծառայության ներքին կանոնադրությունը: Հետագայում մշակվում է նաեւ բանտային կանոնադրությունը, քանի որ Վանի բանտը նույնպես անցնում է ոստիկանության վերահսկողության տակ: Վանի նահանգային ոստիկանությունը եղած սուղ միջոցներով ամեն ինչ անում է Վան քաղաքում և նահանգում ներքին կարգուկանոնը պահպանելու ուղղությամբ:

 

 

Հայաստանի Ազգային արխիվում պահվում են Վանի նահանգային ոստիկանության աշխատանքը լուսաբանող ուշագրավ փաստաթղթեր (ներկայացնում ենք նրանցից երկուսը): Ոստիկանության կողմից տրամադրված զենք կրելու արտոնագրերով հաշվառում էին այն վանեցիներին, ովքեր զենք ունեին կամ ցանկանում էին այն ունենալ: Նկարներում՝ Պետրոս Ամիրաղյանի և Վարդան Պանտիկյանի զենք կրելու արտոնագիր ստանալու երկու խնդրագրերն են՝ ուղղված Վանի շրջանային վարչությանը, թվագրված 28 և 29 մայիսի: Մանրամասն նշված է՝ բնակության վայրը, տարիքը, զենքի տեսակը, զենքի «նոմերը» (համարը), նշվում է' թե ինչ գործի համար է դա անհրաժեշտ: Խնդրագրերի թույտվությունը հաստատված է Վանի նահանգի ղեկավար Արամ Մանուկյանի ստորագրությամբ՝ «Կառավարիչ Արամ»:

Ռուբեն Շուխյան