Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդույան հարցերի նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է միջոցառում՝ նվիրված սուրբ Սարգիս զորավարի տոնին, որը նաև հռչակված է որպես սիրո և երիտասարդության օրհնության օր:
Միջոցառման սկզբում եկեղեցու բակով շրջել է ճերմակթույր նժույգ հեծած գեղեցիկ մի տղամարդ. այնպիսի պատրանք էր, որ տոնակատարությանը ներկա է եղել հենց ինքը' Ս.Սարգիսը' հայ քրիստոնյա երիտասարդության սիրո բարեխոսն ու հովանավորը:
Միջոցառմանն ողջույնի և օրհնության խոսքով հանդես է եկել Արցախի «այան» ու Արցախի բարբառով մաղթանքներ հղել բոլոր սիրահար երիտասարդներին:
Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանը երիտասարդների օրհնության կարգ է մատուցել, որից հետո էլ օրհնել սուրբ Սարգիս զորավարի սրբապատկերը, որը հանձնվել է միջոցառման ընթացքում անցկացված վիճակահանության հաղթողին: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով (ազգագրական երգ ու պար, խաղիկներ):
Միջոցառմանը մասնակցել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան, Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, անհատ կատարողներ:
Անց են կացվել տարբեր մրցույթներ, այդ թվում ' սիրո յուրահատուկ խոստովանության մրցույթ, որոնց հաղթողներին տրվել են նվերներ:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը նշել է, որ, ընդհանրապես, սուրբ Սարգիս զորավարի տոն օրը միշտ հարգված ու սիրված է եղել քրիստոնյաների, հատկապես հայ երիտասարդների կողմից:
«Սուրբ Սարգիսը համարվում է սիրահարների ու երիտասարդների հովանավոր և սիրո բարեխոս: Տարիներ շարունակ Արցախում նշվել է Ս. Սարգսի տոն օրը: Նման միջոցառումների կազմակերպումը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այն համախմբում է երիտասարդությանը, ինչպես նաև կարևորում ենք մեր հոգևոր և մշակութային արժեքների պահպանումը»,-ասել է Գ. Գրիգորյանը:
ԼՂՀ պաշտպանության բանակի հոգևոր սպասավոր Հրայր սարկավագ Հակոբյանն ընդգծել է. «Հայ եկեղեցու գեղեցկագույն տոներից է Ս. Սարգսի տոն օրը, որը միավորում է հայ ժողովրդին, մանավանդ' երիտասադներին: Շատ հաճելի է, որ այս միջոցառմանը մասնակից են նաև զինվորականներ, քանի որ Սարգիսն էլ է զինվորական եղել: Շնորհավորում եմ ողջ հայ ազգին, Աստծո օրհնությունը բոլոր սիրահարներին ու երիտասարդներին: Թող մեր երիտասարդները գնահատեն մեր եկեղեցին ու ազգային արժեքները»:
Միջոցառման վերջում, «Արցախ» ազգագրական պարի նախաձեռնության անդամները ներկայացրել են շուրջպար:
Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան տնօրեն Ռաֆայել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք, զինվորականներ, համաքաղաքացիներ և այլք:
Վրեժ Հովսեփյան