Աշխարհի խոշորագույն մուսուլմանական կազմակերպությունը՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, դատապարտել է Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության դեմ տարեսկզբյան գործողությունները՝ մեղադրելով Թեհրանին տարածաշրջանային որոշ երկրների, մասնավորապես Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Եմենի, Սիրիայի, Սոմալիի ներքին խնդիրներին միջամտելու և ահաբեկչությունը հովանավորելու հարցերում:
ԻԻՀ-ը վերը նշված կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստին գործուղել էր փոխարտգործնախարար Ա. Արաղչիին, որի վստահ հակադարձումից կարելի է ասել, որ Թեհրանը չի ընտրել նահանջի ճանապարհը: ԻԻՀ փոխարտգործնախարարի ելույթի հիմնական գաղափարն ամփոփվել էր նրա եզրափակիչ խոսքում, որը լույս է սփռում Իրանի հաստատակամ դիրքորոշման վրա՝ հանդեպ Սաուդյան Արաբիայի (նաև Թուրքիայի). «Ցավով պետք է արձանագրեմ, որ Իրանի՝ տարածաշրջանային որոշ երկրների հետ երկխոսությանն ու համագործակցությանն ուղղված բոլոր կոչերը մնացել են անպատասխան, քանի որ նրանք չեն ցանկացել նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում՝ ընտրելով բախումների ուղին»:
Ռուդիկ Յարալյան