Կառավարությունը հերթական աջակցությունն է տրամադրել գերակա ոլորտում գործունեություն ծավալող ընկերությանը, տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և օժանդակ նյութերի ներմուծումը ազատելով մաքսատուրքերից:
Արտոնությունից օգտվող «Լիկվոր» ՓԲԸ-ն ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն է, և կառավարության աջակցությունը լուրջ խթան կհանդիսանա ներդրումային նոր ծրագրի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության զարգացման և արտահանման ընդլայնման համար:

 


Կառավարության հունվարի 20-ի նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
Ծրագիրն իրականացվելու է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցող կառույցների՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջոցով:
Ծրագրի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը:

 

Անի Սանոսյան