Այն, որ գազարն օգտակար է առողջության համար, հավանաբար, բոլորն են լսել: Սակայն Հարվարդի համալսարանի Բժշկության դպրոցից հետազոտողների խումբը պնդում է, որ աչքերի առողջության պահպանմանը կօգնի բոլորովին էլ ոչ գազարը, այլ' կանաչ հազարը:

 


Նման եզրակացության հանգելու համար գիտնականները վերլուծել են համարյա 105 000 մարդու (հիմնականում կանանց) վերաբերող տվյալներ: Հետազոտությունը տեւել է 1984-ից մինչեւ 2012-ը: Դիտարկումների սկզբում մասնակիցները մոտ 40 տարեկան էին եւ նրանցից ոչ մեկը չէր տառապում առաջնային բացանկյուն գլաուկոմայով, որը հիվանդության ամենատարածված տարատեսակներից է: Ջեյ Քանգի ղեկավարած խումբն ուշադրություն դարձրեց, թե ինչ քանակությամբ տերեւային բանջարեղեն (հազար, կաղամբ, սպանախ, թրթնջուկ եւ այլ սննդամթերք) էին օգտագործում մասնակիցները:
Պարզվել է, որ մասնակիցներից նրանց մոտ, ովքեր տերեւային բանջարեղեն էին ուտում, գլաուկոման զարգանում էր 20-30 տոկոս ավելի հազվադեպ, քան նրանց մոտ, ովքեր իրենց սննդում հազար եւ սպանախ չէին ներառում:
Հետազոտողները կարծում են, որ այս բանջարեղենը պարունակում է նիտրատներ, որոնք անհրաժեշտ են աչքի արյան շրջանառության կարգավորման համար, ինչի մակարդակը գլաուկոմայով տառապող մարդկանց մոտ ցածր է:

 


Հետազոտության հեղինակները ռիսկի խմբում գտնվող մարդկանց, որոնց ընտանիքներում արդեն արձանագրվել են գլաուկոմայի դեպքեր եւ 60-ն անց մարդկանց խորհուրդ են տալիս ամեն օր տերեւային բանջարեղեն ուտել:

 

Վրեժ Հովսեփյան