Թուրքիայի 1128 գիտնականներ կոչ են արել Թուրքիայի իշխանությանը՝ քրդերի հետ խաղաղություն հաստատել ու դադարեցնելով կոտորածը, գնալ բանակցության ճանապարհով: Թուրքիայի նախագահի մտերիմ ընկեր Սեդաթ Փեքերը, որը այդ երկրում է հայտնի է որպես իշխանության մահակ, սպառնացել է կոտորել բոլոր այդ գիտնականներին և նրանց արյունով ցնցուղ ընդունել:
Մեզ համար տարօրինակ, բայց Թուրքիայում որպես նորմալ ինֆորմացիա, դա հրապարակել են բոլոր թուրքական լրատվամիջոցները:
Ժամեր առաջ զրուցեցի Թուրքիայի արևելքում (Արևմտյան Հայաստանում) բնակվող քուրդ և հայ ծանոթների հետ, այնտեղ իսկական քաոս է, շարունակվում են համատարած սպանությունները հատկապես Դիարբեքիրում:
Սեդաթ Փեքերի սպառնալիքն, ի դեպ, լուրջ են ընդունել քրդերը՝ պատրաստվելով բռնությունների նոր՝ ավելի ուժեղ ալիքի: Օրեր առաջ զրուցեցի Դիարբեքիրի Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ, ասում է՝ ոչ մի լավ սպասելիք չունեն, և իշխանությունը որևէ կոնտակտի չի գնում:
Հարց. սա ձեռնտո՞ւ է արդյոք հայկական շահերին: Կարծում եմ, ինչքան երկար շարունակվի լարվածությունը այդ երկրում, այնքան մենք շահելու հնարավորություն կունենանք, սակայն քանի դեռ հայկական կողմը չունի ռազմավարական ծրագիր, ի՞նչ տարբերություն, Թուրքիայում լարվա՞ծ է, թե՞ հանգիստ: Դիարբեքիրի իմ լավ ընկեր Artin-ն ասում է՝ հայերին են վերադարձնում տեղի ևս 2 կրթական հաստատություն, հիմա աշխատանքներ են գնում մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ, իսկ Մուշում ակտիվորեն գործում են հայկական միությունները:
Սա ռազմավարություն է, իսկ մեր իշխանական կողմը, կարծում եմ, հիմա առավել քան կարևոր է, որ կոնտակտներ հաստատի և քրդերի, և թուրքական իշխանության օղակների հետ:
Նաիրի Հոխիկյան