Այս տարի Հայ առաքելական եկեղեցին հունվարի 23-ին կտոնի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այն բացի եկեղեցական ծիսական արարողակարգից նշվում է ավանդական սովորույթների համաձայն:
Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգիսի տոնը դասվում է շարժական տոների շարքին: Եվ այս տարի այն կնշվի հունվարի 23-ին: Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է քրիստոնեություն քարոզել: Իր որդու' Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սուրբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից կարգվել է իշխան և սպարապետ' Հայաստանի սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Սբ. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի' Սբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:
Սևակ Գրիգորյան